Աչքի անցկացնելով ֆեյսբուքյան լրահոսի գրառումների մի մասը՝ հասկացա, որ շատ ընկերներ նյարդայնացել են քաղաքում առկա խցանումներից: Ինքս էլ երկու անգամ` առաջին անգամ 40 րոպե, երկրորդ անգամ 1 ժամ, մնացել եմ խցանումների մեջ, ստիպված եղել Նորքից Շրջանային իջնել Մասիվով: Բայց չեմ նեղվել ու նեղվում: Որպես ականատես՝ կասեմ նաև, որ խցանումների մի մասի պատճառն էլ անդաստիարակության գագաթնակետ հանդիսացող մեր երթևեկությունն է, որը մենք բոլորս ենք ստեղծում՝ իրար չզիջելով, մեկը մյուսի վրայով անցնելու անասելի տհաճություն պատճառող վարքագծով:
Բայց չեմ հասկանում զորահանդես չանելու կամ այն հարամելու կոչերը: Չի՛ կարելի:
Հայաստանի Հանրապետությունը 25 տարեկան է, ու դա ճիշտ է, որ արվում է: Զիվորական շքերթները նաև ուժի ցուցադրություն են: Իհարկե, չգիտեմ, թե իշխանությունն ինչ է որոշել ցուցադրել, որը կսթափեցնի Ադրբեջանին (միգուցե Հրանտ Բագրատյանի ասած ատոմային զենքը.... չգիտեմ), բայց ճիշտ կազմակերպված զինվորական շքերթը կարող է լուրջ ուղերձներ փոխանցել բոլոր կողմերին:
Հասկանում եմ, որ ռուսական զորամիավորման ու դրոշի ծածանման հետ կապված կա դժգոհություն: Բայց արժե հիշել, որ Մոսկվայի Կարմիր հրապարակի պարադում էլ մեր դրոշն էր ծածանվում: Այլ բան է, որ երկու մայրաքաղաքներում դրոշների ծածանման տակ չկա դաշնակցություն, ավելին` կա դավաճանություն մեր հանդեպ:
Իրականում ես կուզեմ, որ աշխարհում այնքան դաշնակից ունենայինք, ու այնքան շատ երկրների դրոշներ ծածանվեին մեր հրապարակում` շքերթի ժամանակ, որ ռուսական դրոշի միակությունը այլևս չմեկնաբանվեր իբրև մեզ իշխում, իսկ դրա բացակայությունն էլ Ադրբեջանում չմեկնաբանվեր իբրև Հայաստանի մենակության ու միակ դաշնակցի կորուստի փաստ...
Միով բանիվ զորահանդեսը, այն էլ՝ ապրիլյան պատերազմից հետո, այն էլ` երկու հանրապետությունների անկախության 25-ամյա հոբելյանական տարում, պարտադիր է, անհրաժեշտություն է:
Ու այն ո՛չ պետք է հարամել, ո՛չ էլ փնթփնթալ, թե չենք կարողանում քաղաքում ազատ տեղաշարժվել:
Բազմաթիվ անգամներ աշխարհի տարբեր երկրներում եղել եմ խոշորագույն միջոցառումների շրջանում` ՆԱՏՕ, ՆԱՏՕ ԽՎ, Մյունխենի անվտանգության կոնֆերանս, որոնց մասնակցել են աշխարհի հարյուրավոր երկրների առաջնորդներ ու ղեկավարներ:
Դրանց ժամանակ հյուրընկալող երկրների իշխանությունները` ոստիկանությունը, կատարելապես փակել են քաղաքի մի ահռելի հատվածում թե՛ երթևեկությունը, թե՛ մարդկանց տեղաշարժը: Ոչ մեկ չի սրտնեղել, չի փնթփնթացել: Բոլորը հասկացել են, որ դա իրենց երկրի հեղինակությունն է ավելացնում: Մինչդեռ մեզ մոտ.... մարդիկ թրջվեցին, հալվեցին, փշրվեցին, նեղվեցին... Անհասկանալի է:
Ապրիլյան քառօրյա պատերազմում մեր զինվորների սխրանքը, նահատակների հիշատակն ուղղակի ստիպում են ոչ միայն ամեն օր ասել ՓԱՌՔ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ ՈՒ ԶԻՆՎՈՐԻՆ, այլ նաև տպավորիչ զորահանդեսով ասել, որ այդ բանակին հաղթել չի լինելու, ու մեր հերոս տղաների գործը շարունակող կա:
Ես անհամբեր սպասում եմ զորահանդեսին:
Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից: