Սեպտեմբերի 18-ին շուրջ 350 համայնքում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Ապարան, Էջմիածին, Վեդի, Գորիս, քաղաքներում հաղթել կամ վերընտրվել են ՀՀԿ-ական թեկնածուները, Աշտարակում` անկուսակցական թեկնածուն։

Ապարանում հաղթել է Ապարանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ից առաջադրված Գոռ Աբրահամյանը` ստանալով 2408 ձայն, իսկ նրա մրցակից, անկուսակցական ու ինքնաառաջադրված Էդգար Փարվանյանը ստացել է 1112 ձայն:

Մասիսում վերընտրվել է միակ թեկնածուն` ՀՀԿ-ից առաջադրված Դավիթ Համբարձումյանը:

Արարատի մարզի Վեդի քաղաքում երեկ անցկացված ընտրություններում, ըստ նախնական արդյունքների, վերընտրվել է գործող քաղաքապետ, ՀՀԿ-ից առաջադրված Վարուժան Բարսեղյանը` ստանալով 3623 ձայն:

Էջմիածնում, ըստ ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների, հաղթել է գործող քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանը` ստանալով 10587 ձայն:

Իսկ Աշտարակում ամենաշատ ձայնը՝ 4428, ըստ նախնական տվյալների, ստացել է անկուսակցական Թովմաս Շահվերդյանը, երկրորդ տեղում է անկուսակցական Ռազմիկ Տերտերյանն իր 3030 քվեով, իսկ ՀՀԿ անդամ, սակայն ինքնաառաջադրված Աշոտ Ղալաչյանը երրորդ տեղում է` իր 2440 ձայնով: ԲՀԿ-ական թեկնածու Արշալույս Մեջլումյանը չորրորդ տեղում է՝ իր 608 քվեով:

Գորիսում վերընտրվել է գործող քաղաքապետ Վաչագան Ադունցը` 8367 քվեով:

Քաջարանում վերընտրվել է անկուսակցական Մանվել Փարամազյանը՝ ստանալով 3983 ձայն: