Կառավարության այսօրվա նիստի ժամանակ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կվերանվանվի հիմնադրամ:

Նախագիծը ներկայացնելուց հետո Կարեն Կարապետյանն ասաց, որ այժմ կրթության կարևորության մասին չի խոսելու, թե որքան կարևոր է կրթության ոլորտը և հարցրեց, թե ինչն է փոխվում կառավարման կանոնների մեջ:

Լևոն Մկրտչյանն ասաց, թե երբ ինստիտուտները վերածվում են հիմնադրամների, շատ ավելի լայն լիազորություններ են ունենում. «Սա ենթադրում է նաև լրացուցիչ ֆինանսավորման ներդրում, ինչպես նաև՝ ազատորեն համագործակցել ներսում ու դրսում»:

Վարչապետը նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պատասխանից հետո ասաց, որ չպատկերացրեց, թե ինչ փոփոխություններ է նախատեսվում. «Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ ենք միջանկյալ լուծում տալիս, միգուցե վերջնակա՞ն լուծում տանք: Մենք բազմաթիվ քայլեր ենք անում կիսատ-պռատ, միգուցե կանգնեցնե՞նք, քանի որ ինքներդ, եթե վստահ չեք, որ օգուտ է տալիս, գուցե քննարկենք վերջնական լուծո՞ւմ գտնենք»:

Նախարար Մկրտչյանը նշեց, որ այս որոշումը չկայացնել չեն կարող, քանի որ այն կբերի բոլորովին այլ խնդիրներ. «Եթե սկսել ենք, պետք է ավարտենք»:

Վարչապետը որոշումն ընդունեց, բայց պայմանով. «Այս պահին որոշումը ընդունենք, սակայն մի քանի սկզբունք կա, ուզում եմ քննարկենք՝ եթե բերում ենք լուծում, սակայն համոզված չենք, որ ինքը լավագույնն է, չենք անում, լա՞վ. իներցիայով ոչինչ չենք անելու, կեսից կանգնելն ավելի լավ է ու վերանայել: Ես խորացած չեմ այդ հարցում, սակայն զգում եմ, որ դա լավագույն լուծումը չէ: Եկեք մի շաբաթ էլ մտածենք: Ընդունված է որոշումը, սակայն մինչև վերջ չբավարարեց ինձ»: