Ես շարունակում եմ աշխատել իմ պաշտոնում. լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են մամուլում հրապարակված լուրերը, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ լարված հարաբերությունների պատճառով հրաժարական է տալու և արդեն իսկ հավաքել է աշխատասենյակի իրերը:
«Խնդրում եմ՝ ով ցանկություն ունի, կարող է մտնել՝ տեսնել իմ աշխատանքային գրաֆիկը, օրը: Ես շարունակում եմ կատարել իմ պարտականությունները: Հրաժարական տալու խնդիր չկա: Մենք ժամանակավոր ենք զբաղեցնում այս պաշտոնը, պաշտոնակատար ենք, ու ես շարունակելու եմ կատարել իմ պարտականությունները, քանի դեռ չի եղել նոր հրամանագիրը»,- նշեց Արծվիկ Մինասյանը՝ հավաստիացնելով, որ Կարեն Կարապետյանի հետ իր հարաբերությունները լարված չեն:
Ըստ Արծվիկ Մինասյանի՝ իր ու Կարեն Կարապետյանի միջև չկա որևէ լարվածություն, չի եղել որևէ կոնֆլիկտ:
«Ես անկեղծ եմ ասում, ես իսկապես շնորհակալ եմ, որ նա ունի հստակ տեսակետ բիզնես հանրության, բիզնես հատվածի բեռը թեթևացնելու, բյուրոկրատիան, չինովնիկությունը նվազեցնելու վերաբերյալ: Սա կարևոր ուղղորդում է»,-ասաց նա։
Արծվիկ Մինասյանը նաև ասաց, որ վարչապետ Կարեն Կարապետյանն իր փոխարեն կառավարությունում այլ անձի է տեսնում:
«Այո, պարոն վարչապետը նոր դիրքում նոր խնդիրների մասով այլ անձի տեսնելու ցանկություն է հայտնել: Ամեն գնով պահպանելու դիրքերը ցանկություն չկա, որովհետև մեր նպատակը ոչ թե ամեն գնով այդ դիրքում մնալն է, այլ նպաստելն է, որ խնդիրները լուծվեն: Ցանկացած նախարարի իրավասության մեջ չի մտնում՝ ուզո՞ւմ է մնալ դիրքում թե ոչ: Ազատում ու նշանակում է նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ»,- նշեց նա:
Արդյոք բացատրություն տրվե՞լ է, թե ինչու Կարապետյանն իրեն չի ուզում տեսնել նոր կառավարությունում, նա պատասխանեց. «Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել, որովհետև յուրաքանչյուր վարչապետ ինքն է նախընտրում թիմը»:
Փոխարենը, Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրեն եղել է առաջարկ՝ այլ ուղղությունների վերաբերյալ:
«Ես որպես ՀՅԴ թեկնածու, բնականաբար, այդ առաջարկությունը քննարկման առարկա եմ ակնկալում դարձնել ՀՅԴ-ում, որից հետո մոտեցումը կներկայացնեմ»,-ասաց նա։
Նշենք, որ Արծվիկ Մինասյանն այսօր հրավիրված ասուլիսում մանրամասն ներկայացրեց նախարարության 7 ամսվա աշխատանքը։