ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) պատրաստ են ընդունել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կամ ԱԳ նախարարների հանդիպումը: Այս մասին ասված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունում:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ դեսպաններ Իգոր Պոպովը (ՌԴ), Պիեռ Անդրյոն (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:
Հանդիպումների ընթացքում մենք առանձնակի ուշադրություն ենք հատկացրել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ժամանակ ձեռք բերված համաձայնությունների իրականացմանը: Մասնավորապես, քննարկվել են մթնոլորտի ստեղծմանն ուղղված քայլեր՝ բանակցություններում առաջընթացի հասնելու համար, որոնք կարող են հանգեցնել լուծման հասնելուն:
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել այն առաջարկությունների առիթով, որոնք կարող են կողմերը քննարկել:
Մեր կառավարությունները պատրաստ են ընդունել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կամ ԱԳ նախարարների հանդիպումը:
Մենք ծրագրում ենք մոտ ապագայում տարածաշրջան այցելել»: