Մայիսի 18-ը որպես Թանգարանների միջազգային օր նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ նախաձեռնությամբ: Նպատակն է` բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր թանգարանային առարկաների հանրահռչակման համար:
Նախորդ տարի Թանգարանների միջազգային օրը նշել են 129 երկրների 32000 թանգարաններ: 2013 թ. Թանգարանների միջազգային օրն անցկացվում է «Թանգարաններ. Հիշողություն + Ստեղծագործականություն = Հասարակական փոփոխություն խորագրի ներքո: Այս համատեքստում, Հայաստանը հանդես է գալու «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» կարգախոսով: Նույն թեմայով 2013 թ. մայիսի 22-23-ը Հայաստանի ազգային գրադարանում երիտասարդ թանգարանագետների մասնակցությամբ տեղի կունենա գիտաժողով, որը առաջին անգամ է իրականացվում ծրագրի շրջանակում: 2013 թ. Թանգարանների միջազգային օրը եւ «Թանգարանների գիշեր» միջոցառումը համընկնում են:
«Թանգարանների գիշեր» ծրագիրը 2005 թվականից անցկացվում է Ֆրանսիայի մշակույթի եւ հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Եվրախորհրդի հովանավորությամբ: Նպատակն է՝ այցելուներին անվճար սկզբունքով ընդգրկել թանգարանային միջավայր` ապահովելով մշակույթի հասանելիությունը սոցիալական տարբեր խավերին տարաբնույթ նախագծերի միջոցով ծանոթացնելու թանգարանային հավաքածուներին:
Հայաստանը միջոցառմանը մասնակցում է 2005 թվականից /9 թանգարան/: Տարեցտարի մեծանում է մասնակից թանգարանների եւ այցելուների թիվը: 2013 թ. միջոցառմանը մասնակցում է 88 թանգարան /ք. Երեւան, ՀՀ մարզեր/, ինչը թանգարանային տոնի նկատմամբ մեծ հետաքրքրության վկայություն է:
Պետք է ընդգծել, որ առաջին անգամ մասնակից թանգարանների ցանկը համալրել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 5, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի, Հայ Հեղափոխական Դաշնակցության պատմության եւ այլ թանգարաններ, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտը:
Ավանդաբար թանգարանների մուտքն ազատ է լինում առավոտից մինչեւ կեսգիշեր:
Ս. թ. մայիսի 17-ին, ժամը 11:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում «Թանգարանների գիշեր» միջոցառմանը նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը, Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը, Գյումրիի ժողովրդական ճարտարապետության եւ կենցաղի թանգարանի տնօրեն Սոնա Հարությունյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի գիտական գծով փոխտնօրեն Անուշ Հակոբյանը, «Վիժուալ Գեփ» վիրտուալ ցուցասրահի հիմնադիր Մերի Մունը: