86-ամյա Ասյա Մարգարյանը շուտով կկանգնի դատարանի առջև՝ 1995-2012թ. ընկած ժամանակահատվածում մահացած դստեր հասանելիք գումարը «պետությունից խաբեությամբ ստանալու» մեղադրանքով: Ըստ մեղադրանքի, նա թաքցրել է իր դստեր` Ռուզաննա Գրիգորյանի մահվան փաստը, տարիներ շարունակ` 1995-2012թ. ընկած ժամանակահատվածում տևականորեն օգտագործել է հանգուցյալ դստեր անվամբ հանգուցյալ քրոջ` Կատյա Մարգարյանի, կողմից պատրաստված կեղծ անձնագիրը և Շենգավիթ վարչական շրջանի թիվ 46 փոստային բաժանմունքից խաբեությամբ հափշտակել է ընդհանուր առմամբ 1147596 ՀՀ դրամ գումար` պետությանը պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո»-ն:

Ասյա Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով` խոշոր չափերով խարդախություն, խափանման միջոց ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գործն ընդունվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի վարույթ: