ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնի վարույթում ՀՀ ՊՆ պարենային բազայի պահեստում կատարված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստի առթիվ քննվող քրեական գործով 07.05.13թ. որոշում է կայացվել ՀՀ քր. օր-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրյալ Ալբերտ Օհանջանյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոփոխելու մասին:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, զինվորական դատախազությունը տեղեկացնում է, որ խափանման միջոցը փոփոխելու մասին որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ Ա.Օհանջանյանը տառապում է «շաքարային դիաբետ, արյան շրջանառության սուր անբավարարություն, զարկերակային հիպերտենզիա» հիվանդություններով, գտնվելով կալանքի տակ երկու անգամ սրտի կաթված է տարել և նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ստացիոնար բուժում է ստացել: Բժշկական կենտրոնում նրա մոտ ախտորոշվել է «Ձախ փորոքի առաջային պատի սրտամկանի ստորին սուր ինֆարկտ: Վաղ հետինֆարկտային ստենոկարդիա: Արյան շրջանառության սուր կանգային անբավարարություն: Զարկերակային հիպերտենզիա: Վիճակ կորոնար անոթի ստենդավորումից հետո»: Այնուհետև Ա.Օհանջանյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, որտեղ սակայն հնարավոր չի եղել ապահովել նեղ մասնագիտական բուժում, առկա չեն նաև նման հիվանդությամբ տառապող անձանց պարբերական հետազոտման և հիվանդության ախտորոշման համար անհրաժեշտ բժշկական սարքավորումները:
Մեղադրյալ Ա.Օհանջանյանի կողմից միջոցներ են իրականացվել իր իսկ կողմից պետությանը պատճառված նյութական վնասը վերականգնելու ուղղությամբ: Բացի այդ մեղադրյալի հետ կապված բոլոր անհրաժեշտ քննչական գործողություններն այս պահին ավարտվել են և ազատության մեջ մնալով մեղադրյալ Ա.Օհանջանյանը չի խոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու կամ այլ ճանապարհով:
Վերջին նկատառումներից ելնելով փոփոխվել են նաև մյուս մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցները:
Քրեական գործի նախաքննությունը գտնվում է ավարտական, դատարան ուղարկելուց առաջ ձեռք բերված ապացույցների վերլուծության այլ ապացույցների հետ համադրման, գործի լուծման համար բավարարության տեսանկյունից գնահատման փուլում: