Սեպտեմբերի 29-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթ է ունեցել Վաշինգտոնի Կարնեգի հաստատությունում։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպմանը, որը վարել է Կարնեգի հաստատության փոխնախագահ Էնդրյու Վեյսը, ներկա են եղել ԱՄՆ պետքարտուղարության, ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյաներ, առաջատար վերլուծաբաններ, Վաշինգտոնում հավատարմագրված դիվանագետներ։
Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, անկախության հռչակումից ի վեր 25 տարիների ընթացքում Հայաստանի անցած ուղին, մի շարք տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ամերիկյան առաջատար վերլուծաբաններին ներկայացրել է ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները, դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլը, ներկայացրեց բանակցային գործընթացի առաջմղման շարունակելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծման նպատակով Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները և Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը, պայմանավորվածություններից հրաժարվելու փորձերը:
Պատասխանելով ներկաների բազմաթիվ հարցերին` Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներին, Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցությանը, Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությանը, հայ-իրանական հարաբերություններին։