ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կողմից Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի դիտարկման ընթացքում արձանագրել է մի շարք խախտումներ:
Ինչպես հայտնում են գրասենյակից, դիտարկման ընթացքում, մասնավորապես, արձանագրվել է, որ քարոզչական նյութեր են փակցված Վանաձոր քաղաքի տարբեր հատվածներում գործող կրթական հաստատությունների, հասարակական սննդի կետերի, առևտրի սրահների վրա:
Վերը նշված խախտումների առնչությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ վկայակոչելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածը, համաձայն որի՝ արգելվում է քարոզչական պաստառներ փակցնելը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի, հասարակական սննդի, առևտրի օբյեկտների և հասարակական տրանսպորտի վրա կամ ներսում` անկախ սեփականության ձևից:
Գրասենյակից նաև հիշեցնում են, որ թիվ 30 ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը սեպտեմբերի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ հանձնաժողովը միայն հասարակական տրանսպորտի վրա քարոզչական պաստառներ փակցրած լինելու մասին է ահազանգ ստացել, սակայն այլ արգելված վայրերում քարոզչական պաստառներ փակցրած լինելու վերաբերյալ որևէ տեղեկատվություն կամ ահազանգ չի ստացել:
Տեսանյութում Վանաձորի թիվ 24 մանկապարտեզն է: