• Պատերազմի հետևանքով Ղարաբաղից Ադրբեջանի տարբեր շրջաններ, հատկապես՝ Բաքու և Սումգայիթ տեղափոխված անձանց հանդեպ իրենց իսկ հայրենակիցների վերաբերմունքը երբեք չի առանձնացել հանդուրժողականությամբ և հյուրընկալությամբ։ Ինչպես հայաստանյան իրականության մեջ «բաքվեցիներն» էին ասոցացվում (մասամբ նաև՝ ղարաբաղցիները) պատերազմի, վերջինիս պատճառած զրկանքների և ադրբեջանցիների հետ «հանկարծակի» թշնամության հետ, այնպես էլ «երազները» (հայաստանաբնակ ադրբեջանցիները) և ղարաբաղցի ադրբեջանցիները՝ Ադրբեջանում։
• Այս երկու խումբ մարդկանց միջև, սակայն, կա հիմնական տարբերություն։ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները մեղադրվում էին նաև պարտության, իրենց հողերը չպահելու, իրենց հողերը «ծախելու» մեջ, և վերջիններիս հասցեին բաքվաբնակները հաճախ էին թունոտ ակնարկներ նետում՝ «satdınız, gəldiniz»՝ «ծախեցիք, եկաք»։
• Հաղթական պատերազմի շնորհիվ հայաստանյան իրականության մեջ նման մեղադրանքներն ունեցել են շատ մարգինալ և լոկալ բնույթ՝ երբեմն-երբեմն հասցեագրված լինելով միայն շահումյանցիներին։
• Ստորև տեղադրված մշակութային նմուշը Ադրբեջանում հոգեբանորեն հալածվող փախստականի երգ է։ Ինչպես Բաքուն կարոտող հայերին էին՝ «հին հայաստանցիները», քամահրական հարցադրումներ անում՝ «ի՞նչդ ես կարոտում Բաքվում, դե գնա՛ Բաքուդ», այնպես էլ Ադրբեջանում Ղարաբաղից եկածներին էին հաճախ ծաղրում՝ «ի՞նչդ ես թողել էդ Ղարաբաղում, որ էդքան ասում ես»։ Այստեղից էլ՝ այս երգի վերնագիրը («Ինչ եմ թողել») ու ասելիքը։
• Ամեն հաջորդ տնից հետո հերոսը կրկնում է՝ «Մի՛ հարցրու, ինչ եմ թողել», ապա հերթով թվարկում է իրենց «կորցրած» բոլոր հողերը (Լաչին, Աղդամ, Շուշի, Ջաբրայիլ, Ֆիզուլի, Քյալբաջար, Ղուբաթլու, Զենգիլան)՝ նշելով, որ դրանք է թողել․
«Sorma mənnən nəyim qaldı // Մի՛ հարցրու՝ ինչ եմ թողել,
Cəbrayıl kimi elim qaldı // Ջաբրայիլի պես հողս եմ թողել»։