Այսօր «Ալյանս» կուսակցության ղեկավար Տ. Ուրիխանյանը նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել կուսակցության վարչությանը՝ միևնույն ժամանակ շարունակելով մնալ կուսակցության վարչության կազմում և պատրաստակամություն հայտնելով կատարելու վարչության անդամի բոլոր պարտականությունները կուսակցության զարգացման ու առաջընթացի համար: Այս մասին հայտարարություն է տարածել «Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը:

«Միևնույն ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Տ.Ուրիխանյանը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահին:

Տ. Ուրիխանյանը շնորհակալություն է հայտնում բոլոր իր կողմնակիցներին ու ընտրողներին՝ վերահաստատելով այսուհետ ևս ազնվության ու պարկեշտության սկզբունքների ներքո ժողովրդի ու երկրի շահը ցանկացած ձևաչափի մեջ պաշտպանելու պատրաստակամությունը»,- ասված է հայտարարության մեջ: