Հոկտեմբերի 1-ին ՊԲ հրետանային գնդերից մեկը նշել է կազմավորման 21-ամյա տարեդարձը, որին ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, բարձրաստիճան զինվորականներ, արցախյան ազատամարտի վետերաններ և հյուրեր:
Իր խոսքում բանակի հրամանատարը շնորհավորել է անձնակազմին կազմավորման տոն օրվա կապակցությամբ՝ հատուկ ընդգծելով ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում զորամասի ունեցած կարևոր դերակատարության մասին՝ նշելով, որ զորամասն իր առջև դրված մարտական խնդիրը կատարել է փայլուն կերպով: Լ. Մնացականյանը նաև համոզմունք է հայտնել, որ զորամասն այսուհետ ևս իր գործողություններով ձախողելու է հակառակորդի բոլոր մտադրությունները՝ կոչ անելով վառոդը միշտ չոր պահել:
Տոն օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միտինգի ընթացքում հնչել են նաև ելույթներ, որոնցում անդրադարձ է կատարվել զորամասի կազմավորմանը, արցախյան գոյապայքարում վերջինիս անցած ուղուն ու նրա դերակատարությանը վճռորոշ ճակատամարտերին: Զորամասի զինծառայողները ցուցադրել են բեմադրություն՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում քաջի մահով ընկած Ռոբերտ Աբաջյանի և Արմենակ Ուրֆանյանի վառ հիշատակին:
Տոնական միջոցառումների ավարտին աչքի ընկած մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են պատվոգրերով, արժեքավոր նվերներով և արժանացել դրամական խրախուսման: