«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ երեկ ՀՀ ոստիկանությունը առաջին հայացքից սովորական, շարքային մի հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ ձերբակալվել են մոտ մեկ տարի առաջ հանցագործություն կատարած և այս ընթացքում հետախուզման մեջ գտնվող երկու անձ:

«Խոսքը 2015 թվականի հոկտեմբերին Երևանի Մովսես Խորենացի փողոցում գործող բուքմեյքերական գրասենյակում 4 հոգու հրազենային վնասներ պատճառած և փախուստի դիմած Գևորգ և Հենրիկ Բաղդասարյանների (մականունները «Կաբելի տղերք») մասին է:

Իրականում սա շատ ուշագրավ իրադարձություն է: Խնդիրն այն է, որ այս անձինք ՀՀ կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի շրջապատից են: Բայց սա դեռ ամենը չէ: «2016 թվականի հոկտեմբերի 6-ին, … նրանք հայտնաբերվել են Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող մի շինությունում և բերման ենթարկվել»,- նշված է հաղորդագրության մեջ: Այդ «մի շինությունը» այսպես կոչված սպորտբազա-հյուրանոցն է, որը, ըստ մեր հավաստի տեղեկությունների, պատկանում է Գագիկ Բեգլարյանի եղբորը` Յուրա Բեգլարյանին:

Ենթադրվում է, որ հետախուզման մեջ գտնվելու ընթացքում նրանք «ապաստանել են» հենց այստեղ: Իսկ դա նշանակում է, որ հետախուզվողներին թաքցնող անձանց հայտնաբերելիս հետաքրքիր բացահայտումներ կարող են լինել: Եթե, իհարկե, փնտրեն թաքցնողներին»: