Սեպտեմբերի 27-ին «ADEX 2016» խորագրի ներքո Բաքվում կազմակերպված պաշտպանական արդյունաբերության երկրորդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում էին նաև Իսրայելը ներկայացնող միանգամից 13 ընկերություններ, ամենևին դուր չի եկել Իրանի Իսլամական Հանրապետությանը:
Քանի որ Իրանի ղեկավարությունը իրանական պետականության դեմ ուղղված ադրբեջանական գործողություններին ավանդաբար պատասխանում է ոչ համաչափ, այս անգամ ևս հարվածեց Ադրբեջանի համար ամենաանսպասելի տեղից:
Վերջին շրջանում ատրպատականյան այաթոլլաները, քննադատելով Բաքվի վարչակարգի իրականացրած զազրելի քաղաքականությունը շիա հավատացյալների դեմ, որոնց թույլ չեն տալիս դուրս գալ փողոց և իրականացնել շիաների համար ամենանվիրական ծեսերից մեկը` իմամ Հոսեյնի նահատակության սգո քայլերթերը, Իլհամ Ալիևին անվանեցին Իսրայելի կամակատար: Ատրպատականյան այաթոլլաների ելույթները հրապարակվեցին և լայնորեն տարածվեցին իրանական բազմաթիվ լրատվամիջոցներով:
Իրանի հոգևորական և ռազմաքաղաքական շրջանակների մոտ այժմ տիրապետող է այն կարծիքը, որ Ադրբեջանում շիա հավատացյալների դեմ իրականացվող հալածանքները մասն է կազմում Ադրբեջանի և Իսրայելի կողմից իրականացվող հակաիրանական քաղաքականության: Իրանցիներն այդ քաղաքականության մաս են համարում նաև ղարաբաղյան հակամարտության քողի տակ իսրայելական սպառազինության ներմուծումն Ադրբեջան, որի զգալի մասը նախատեսված է հենց Իրանի դեմ օգտագործելու համար:
Ստորև տեղադրված է իրանական հեղինակավոր «Fars» լրատվական գործակալության` ժամանակին հրապարակած մի ծաղրանկար` «Իլհամ Ալիևը Իսրայելի կամակատար» վերնագրով:
Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից: