Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող «Ջամբո Պարկ» ռեստորանային համալիրի սեփականատեր 52-ամյա Արտյոմ Վարդանյանը և նրա եղբայրը՝ 44-ամյա Էդուարդ Վարդանյանը ավելի քան 6 ամիս Տանզանիայի բանտում անցկացնելուց հետո օրերս ազատ են արձակվել: Եղբայրներն արդեն տեղափոխվել են Հոլանդիա:
Նշենք, որ Վարդանյան եղբայրները Տանզանիայի «Կիլիմանջարո» միջազգային օդանավակայնում ձերբակալվել էին մարտի 23-ին՝ «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ին պատկանող 61 կապիկները Հայաստան տեղափոխելու հետ կապված խնդիրների պատճառով: Տանզանիական The Citizen պարբերականը հաղորդել էր, իբր եղբայրները փորձել են բեռնատար ինքնաթիռով Ալբանիա տեղափոխել 61 կապիկ:
«Ջամբո Պարկ» ռեստորանային համալիրի սեփականատերը Facebook-ի իր էջում գրառում է արել։ «Ոչինչ չի կարող կոտրել մարդուն, որը հարուստ է ընկերներով։ Ես ու եղբայրս տանզանիական բանտում 7 ամսվա հարկադիր արձակուրդից հետո հասկացանք, որ այդ երկրի բյուջեն խիստ կարիք ունի 220 դոլարի, որ ես վճարեցի ներգաղթի կանոնների համար, քանի որ «Ջամբոյի» համար բավական շատ դեկորացիաներ էի գնել։ Եղբայրս, ինչպես պարզվեց, բացառապես մարդասիրական նպատակներով էր այսքան ժամանակ մնացել բանտում, որ ես կարողանայի նրա հետ բլոտ խաղալ։ Նրանից անգամ հարկ չհամարեցին տուգանք գանձել։ Ի հեճուկս այն անձանց, որոնք ուզում էին Տանզանիայում մեր «հանգիստը» ձգել 30 տարով, այդպես էլ չկարողացան մեզ հարկադրել հագնել կալանավորի այս նարնջագույն համազգեստը, որը ես ինքնակամ հագել եմ արդեն Հոլանդիայում»։