Գյումրու ավագանիում քիչ առաջ կայացավ ավագանու առաջին նիստը: Չնայած Գյումրու ավագանիում ընտրված «ԳԱԼԱ» կուսակցությունը, ԲՀԿ-ն և «Հայկական վերածնունդը» բոյկոտեցին նիստը, նիստը վարող Սամվել Բալասանյանը հայտարարեց, որ նիստը կայացած է, որովհետև առաջին նիստին ներկա է ավագանիների կեսից ավելին՝ 17-ը:

«Բալասանյան» դաշինքի ավագանին միաձայն ու ծափահարություններով ընդունեց Սամվել Բալասանյանի՝ քաղաքապետ դառնալու որոշումը ու նրան հռչակեց Գյումրու քաղաքապետ:

Ավելին՝ Բալասանյանը օրը պատմական անվանեց՝ ասելով, որ, իհարկե, լավ կլիներ, որ իրենց գործընկերները մասնակից լինեին, որովհետև «բոլորի ծրագրերում կային օգտակար դրույթներ Գյումրին շենացնելու համար»:

Երեք կուսակցությունների բոյկոտի պարագայում Գյումրու ավագանին առաջին նիստում հաստատեց նաև օրակարգը: «Գիտեք, որ քաղաքականացված է մարմինը, այսինքն՝ փոքր ԱԺ-ի պես պետք է մենք աշխատանք ծավալենք և լինելու են տարբեր խմբակցություններ, խմբակցության ղեկավար, քարտուղար»,- ասաց Բալասանյանը:
Գյումրու ավագանու առաջին նիստը բավական կարճ տևեց ու ելույթ ունեցավ միայն Բալասանյանը:

Ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա մեկ ամիս հետո՝ նոյեմբերի 10-ին:

Ըստ Բալասանյանի՝ այդ ընթացքում ավագանու կանոնակարգը և բյուջեն կընդունեն:

«Ավելի լավ է, որ հիմա բոլոր խմբակցությունները միանան ու իրենց առաջարկությունները կատարեն: Բարի երթ Ձեզ»,-հայտարարեց Բալասանյանն ու դահլիճից հեռացավ նվագախմբի հնչյունների ներքո:

Նշենք, որ հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ընտրություններում 6 տոկոսի շեմը հաղթահարած «ԳԱԼԱ» կուսակցությունը, ԲՀԿ-ն և «Հայկական վերածնունդը» բոյկոտելու են այդ նիստը և որպես բողոքի նշան հրաժարվելու են իրենց մանդատներից:
«ԳԱԼԱ» կուսակցության ներկայացուցիչ Քրիստինա Մկրտչյանը մամուլում տեղեկացրել է, որ իրենք պատրաստվում են դիմել նախ Վարչական դատարան, իսկ հետո նաև Սահմանադրական դատարան՝ բողոքարկելու մանդատների բաշխման գործընթացը:
Հիշեցնենք, որ կիրակի տեղի ունեցավ թիվ 34 ԸԸՀ նիստ և Գյումրիի 33 մանդատները բաշխվեցին հետևյալ կերպ. Բալասանյան դաշինքը, որը սատարում է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին, ստացավ 17, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը բաժին հասավ 8, «Հայկական վերածնունդ» կուսակցությանը՝ 4, ԳԱԼԱ կուսակցությանը՝ 4 մանդատ։