ԵԽԽՎ աշնանային նստաշրջանն այսօր մեկնարկել է ԵԺԿ քաղաքական խմբի նիստով, որի ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչ Ռովշան Ռզաևն ի ցույց է դրել իր երկրում տիրող տրամադրությունը՝ բարձրացնելով Հայաստանի «Իսկանդերների» հարցը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԵԵԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը` մանրամասնելով, որ ադրբեջանցին «Իսկանդերների» առկայության վրա է հրավիրել ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոուլի ուշադրությունը` «Ռուսաստանի կողմից Հայաստանին տրվող աջակցության» համատեքստում:
Նաիրա Կարապետյանն այս առնչությամբ ավելացրել է. «Ինձ մնում է ավելացնել՝ Wow!»:
ՀՀ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանն էլ, կրկին «Ֆեյսբուքում», տեղեկացնում է.
«ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբի նիստին բարձրացրեցի նույն խմբակցության նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի հարցը: Նա մեղադրվում է Միլանի դատախազության կողմից 2012-2014 թթ. Ադրբեջանի օգտին քաղաքական գործունեություն ծավալելու համար, ինչը հեղինակազրկում է ԵԺԿ քաղաքական ընտանիքի հեղինակությունը եվրոպացիների աչքում: Խնդրի շուրջ արձագանքեց նաև ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը»: