Այսօր՝ հոկտեմբերի 14-ին իր ծննդյան 30-ամյակն է նշում տաղանդավոր, կրքոտ, յուրահատուկ և պարզապես գեղեցկուհի Իվետա Մուկուչյանը: Նա ծնվել է 1986թ.-ին, Երևանում: 1992թ. տեղափոխվել է Գերմանիա, որտեղ ստացել է միջնակարգ և բարձրագույն կրթություն: 1998-2006թթ անգլերեն լեզու և նկարչություն է սովորել Համբուրգի Սանկտ Անսգար գիմնազիայում: 2009թ. վերադարձել է Երևան և ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժին:

2010թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայսուպերսթար» նախագծին և զբաղեցրել 5-րդ տեղը: 2011թ. Մոսկվայի «Արմենիա» հայկական ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին: Նույն թվականին նկարահանել է 2 տեսահոլովակ:

Զուգահեռ ներկայանում է նաև հաուս-էլեկտրո ոճի մեջ, որի շրջանակներում համագործակցել է դիջեյներ Սերժոյի և Լազարոյի հետ: 2011թ. Գերմանիայում մասնակցել է «Համբուրգի ձայն» երաժշտական մրցույթին և զբաղեցրել 3-րդ տեղը: 2012թ. մասնակցել է «Գերմանիայի ձայն» երաժշտական մրցույթին՝ առաջին փուլում ներկայացնելով Լորինի «Euphoria» երգը: Հաղթահարելով «Մենամարտեր» փուլը, դուրս է մնացել մրցույթի առաջին գալա-համերգից հետո: 2016թ. Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում «LoveWave» երգով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում, որտեղ զբաղեցրել է 7-րդ տեղը:

YN.am-ը ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք ) շնորհավորում է սիրելի երգչուհուն ծննդյան օրվա կապակցությամբ՝ մաղթելով էլ ավելի մեծ հաղթանակներ և հաջողություններ, որոնք պատիվ և ուրախություն կբերեն նրա բոլոր երկրպագուներին: