Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի գործով ՌԴ ՆԳՆ քննչական վարչության՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության ստորաբաժանման վարույթում հարուցվել է քրեական գործ` ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է երկու և ավելի մարդու մահ)։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

ՔԿ տեղեկացմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ՌԴ-ի քննչական մարմիններում ՀՀ ՔԿ ներկայացուցիչ Իլյա Վարովն անմիջապես կապ է հաստատել իրավասու մարմինների հետ և ընդգրկվել վթարի կապակցությամբ ՌԴ-ում ստեղծված օպերատիվ շտաբի կազմում։

ՌԴ ՆԳՆ քննչական վարչության՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության ստորաբաժանման վարույթում հարուցվել է քրեական գործ` ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է երկու և ավելի մարդու մահ)։ Մշակվել են աշխատանքային վարկածներ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ։

Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով մահացել է 5 անձ, որոնցից 3-ը ազգությամբ ռուս են՝ ՌԴ քաղաքացի, 2-ը՝ ՀՀ քաղաքացի՝ ազգությամբ հայ, որոնցից 1-ը վարորդն է: 27 անձ ստացել է մարմնական վնասվածքներ։

Նախաքննության ընթացքի մասին պարբերաբար զեկուցվում է ՀՀ ՔԿ նախագահին։ Քննությամբ պարզված հանգամանքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսեթիայիում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, վթարի է ենթարկվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսը: