«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մայիսի 19-ին «Անի» հյուրանոցում հրավիրված կողմնակիցների հավաքի ժամանակ հայտարարեց, որ մեկնելու է ԱՄՆ, սակայն ամսվա վերջին վերադառնալու է: Panarmenian.NET փոխանցմամբ, «Ժառանգության» ղեկավարը նկատեց, որ ընդդիմադիր ուժերին կոչ է արել համախմբվել մեկ պայքարի շուրջ՝ քաղաքացու ազատության, պետության իշխանության՝ անկախ նրանից, թե մարտավարական ինչ տարբեր կողմնորոշումներ կան: «Կյանքը ցույց տվեց, և այս ողջ ընթացքում ամեն բան լուսավորվեց, տեսանք, թե ով էր նեղ անձնական, կուսակցական շահերով առաջնորդվում՝ լիդերային ինչ-որ թռիչք կատարելու համար, և ով ժողովրդի կողքին էր կանգնած առանց պայմանի: Անջատողականություն՝ ուստի մահ, անջատողականություն՝ ուստի արտագաղթ»,- ասաց նա: Րաֆֆի Հովհաննիսյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ պայքարը տևական է. «Ոչինչ չի մնում, քան մեկ ամիս անց սկսել ազգային պայքար, նոր շունչ, մարմին տալ և ստեղծել հանրային շահի ինստիտուցիոնալ կառույցներ»,- ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրեց,որ պատրաստվում է մեկնել ԱՄՆ, կվերադառնա ամսվա վերջին, որպեսզի այս ամռանը իրական քայլերի գնան։ «Ուժ են ուզում, ուժ կստանան»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը և հույս հայտնեց, որ պայքարի նոր փուլում հաղթանակ կարձանագրեն առանց զոհերի։ Ավելացնենք, որ քննարկմանը ներկա էր նաև նախագահի մեկ այլ նախկին թկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով նկատեց, որ նոր Հայաստան ունենալու համար պետք է լինի հեղափոխություն. «Առանց հեղափոխության որևէ առաջընթաց չի լինի: Մենք արեցինք, ամենը, որ ընտրական փուլում իշխանությունը հնարավորություն ունենա քաղաքական կոմպորմիսների փուլում ձևավորել նոր իշխանական համակարգ: Դա տեղի չունեցավ, և այսօր մեզ մնացել է մեկ ճանապարհ` հեղափոխություն»: