ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել է ՀՀ ՊՆ Իջևանի զորամասում այս տարվա ապրիլի 25-ին գլխի շրջանում հրազենային վիրավորումից մահացած Հովհ. Պետրոսյանի իրավունքների պաշտպանությունը: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում Հովհ. Պետրոսյանի իրավահաջորդի շահերը ներկայացնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Կազմակերպության փաստաբան Անի Չատինյանը:

Վերջիններս մասնակցում են քրեական գործի շրջանակում իրականացվող քննչական գործողություններին: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների կողմից ներկայացվել են նաև որոշ քննչական գործողություններ իրականացնելու մասին միջնորդություններ, որոնց վերաբերյալ, սակայն, վարույթն իրականացնող մարմինը դեռևս որոշում չի կայացրել: Գործով ներգրավված կարևոր վկան՝ Վաչագան Հայրապետյանը, որը Հովհ.Պետրոսյանի անմիջական հրամանատարն էր, 2016 թ. հոկտեմբերի 10-ին՝ տուժողի իրավահաջորդի` մահացած զինծառայողի հոր՝ Վաչագան Պետրոսյանի հետ առերեսումից օրեր անց մահացել է ավտովթարի հետևանքով:

Հաշվի առնելով առերեսման ժամանակ վաշտի հրամանատար Վաչագան Հայրապետյանի տված՝ գործի համար կարևոր նշանակություն ունեցող ցուցմունքները, մեր՝ տուժողի իրավահաջորդի և նրա ներկայացուցիչների մոտ լուրջ մտահոգություն է առաջացրել Վ. Հայրապետյանի մահվան փաստը, և իրավապահ մարմիններից ակնկալում ենք բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն` Վ. Հայրապետյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հանգամանքները պարզելու և Հովհ. Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի հետ դրա ունեցած հնարավոր առնչությունը բացահայտելու ուղղությամբ: