«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ԲՀԿ-ի ակտիվը ծրագրում է ՀԱՕԿ նախագահ և իրենց նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին «ազգովի խնդրելու» գործընթաց կազմակերպել:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մի քանի հազար ԲՀԿ-ականներ երթով գնալու են Ծառուկյանի մոտ և խնդրեն նրան` վերադառնալ քաղաքականություն: ԲՀԿ-ում հույս ունեն, որ դրանից հետո Գագիկ Ծառուկյանն առանց կաշկանդվելու կհայտարարի քաղաքականություն վերադառնալու մասին:
«Ժողովուրդ»-ը փորձեց ՀԱՕԿ նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանից պարզել, թե արդյոք Գագիկ Ծառուկյանը տեղյակ է, որ ԲՀԿ-ականները նախաձեռնում են գնալ իր տուն և խնդրել վերադառնալ քաղաքականություն, ու եթե նման բան տեղի ունենա, ինքը ինչպես է արձագանքելու:
«Անձամբ պարոն Ծառուկյանը ԲՀԿ նման նախաձեռնության մասին տեղեկատվություն չունի: Իսկ հարցի մնացած մասով կասեմ, որ սկզբունքորեն չեմ մեկնաբանում եթե-ապա հարցադրումները, կանխատեսումները ու հավանականության տեսությամբ համեմված տեղեկատվությունները»,- պատասխանեց Տոնոյանը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: