ՀՀ կառավարության ծրագիր ներկայացնելուց հետո ԱԺ պատգամավորները հարցեր ուղղեցին ՀՀ վարչապետին:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչպես ստացվեց, որ Արմավիրի մարզի 105 կարկտակայանները «փուստ» տվեցին և չկարողացան կանխել կարկտահարությունը:
«Կարող ա՞ կարկտակայանները ևս մասնակցում էին ՀՀԿ-ի հրավառությանը»,-այսպես ձևակերպեց Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ձեզանից ոչ պակաս ենք շահագրգռված, որ գյուղացին չտուժվի: Ես առաջարկում եմ լսենք մասնագետների կարծիքները: Պետությունը պարտավոր է օգնության ձեռք մեկնել գյուղացուն, բայց տարածել այնպիսի տեղեկատվություն, որ հակակարկտային կայանները 100 տոկոսով կանխում են կարկտի առկայությունը, այդպիսի բան չկա, դրանք ընդամենը նվազեցնում են վնասի աստիճանը: Ամբողջ աշխարհում նման փորձ չկա»,-իր խոսքում նշեց Տիգրան Սարգսյանը:
Այնուհետև, որպես արձագանքում Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Ձեր ասածները պնդեց իմ այն արտահայտած միտքը, որ դուք միայն խոստումներ եք տալիս, լավ կլիներ խոստովանեիք, որ դեռևս 2009թ գիտեիք գազի գնի բարձրացման մասին, բայց սպասում էիք, որ «վստահության քվե» ստանայիք, նոր հետո դրա մասին հայտարարեիք»:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի ՀՀ վարչապետն ասաց.
«Ձեր բնույթն է և ձեր ոճն է չտեսնել ոչ մի կատարված աշխատանք: Դուք չեք ուզում տեսնել ոչ մի լավ բան, հազարավոր մարդիկ կառավարությունից ստանում են օգնություն: Վերջին երեք տարիների ընթացքում կառավարությունն ամեն ինչ արել է, որ գազի գինը չբարձրանա, ինչ կա թաքցենելու, այո, դա արել ենք: Ամեն ինչ արել ենք, ինչ կա այդտեղ կասկածի տակ դնելու»:
Ինչու՞ կարկտակայանները «փուստ» տվեցին.Փաշինյանը՝ վարչապետին
