«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Ռուսական «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերը կրկին Երևանում է, և դա որոշակի խոսակցությունների առիթ է տալիս:

Խնդիրն այն է, որ սրանից առաջ Միլլերի՝ ՀՀ կատարած երկու այցերը համընկել են Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի նվազեցման հետ: Անցած տարի նրա այցից հետո գազը 186 դոլարից նվազեց 165-ի, իսկ այս տարվա գարնանը 165-ից նվազեց 150:

Ինչ նպատակով է այս անգամ եկել Միլլերը՝ դեռ հայտնի չէ: Այցը ներկայացնող պաշտոնական հաղորդագրությունները չափազանց ընդհանուր մանրամասներ են հաղորդում: Միայն նրա` Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին հաղորդագրության մեջ գազի գնի վերաբերյալ ինչ-որ ակնարկներ կան: Սարգսյանն ու Միլլերը, ինչպես նշված է դրանում, անդրադարձել են. «… գազի գնի իջեցումը սպառողներին ավելի հասանելի դարձնելու հարցին»: Եվ ընդամենը:

Եթե «Գազպրոմը» որոշի էլի մի քիչ նվազեցնել գազի գինը, ապա դա մեծ աջակցություն կլինի Միլլերի նախկին ենթակային` «Գազպրոմի» կազմում գործող «Մեժռեգիոնգազի» նախկին փոխտնօրեն, ՀՀ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանին: Վերջինիս հետ Միլլերը երեկ նույնպես հանդիպել է: Սպասենք լավ լուրերի»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: