Կառավարության նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Բնապահպանության և Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարներին հանձնարարեց, համագործակցելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, 15 օրյա ժամկետում Ջրի ազգային խորհրդին ներկայացնել փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների և շահագործման լիցենզիաների տրամադրման ոլորտում տիրող ներկա իրավիճակի վերաբերյալ առաջարկություններ:
«Հանձնարարում եմ, մասնավորապես, 2009 թվականի հունվարի 22-ի կառավարության նիստի որոշման համաձայն հաստատված փոքր ՀԷԿ-երի զարգացման սխեմայի վերանայում։
Հանձնարարում եմ առաջարկություններ ներկայացնել Ախուրյան, Ձորագետ, Դեբեդ, Ազատ, Արփա, Որոտան գետերի ավազաններում նոր հիդրոէլեկտրակայանների կառուցման և նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման քաղաքականության և բնապահպանական խնդիրները վերանայելու նպատակով 20 տարի շարունակ շահագործված փոքր ՀԷԿ-երի համար նոր գնագոյացման մեխանիզմների վերաբերյալ»,- ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանը նշեց, որ հասկանալի է, որ բնապահպանական խնդիրներ կան այն գետերի վրա, որտեղ ՀԷԿ-երի քանակը նախատեսվածից ավելի շատ է:
Ըստ վարչապետի՝ այդ ոլորտում լուծումներ կան՝ ջրօգտագործման հետ կապված թույլտվությունների սահմանափակում և այլն:
Կարեն Կարապետյանը նաև հավելեց, որ Էներգետիկայի նախարարությունից ակնկալում է այս հարցին մոտենալ այնպես, որ էներգետիկայի անվտանգության հետ կապված խնդիրներ չառաջանան: