«Սեպտեմբերի 8-ին Հայաստանի վարչապետի պաշտոնը թողնելուց հետո Հովիկ Աբրահամյանը շատ քիչ ժամանակ է գտնվել Հայաստանում։ Իր բախտակիցների նման, նա էլ լքել էր երկիրը, մի քանի շաբաթ գտնվում էր Արաբական Միացյալ Էմիրություններում, բայց ի տարբերություն նույն բախտակիցների, Հովիկ Աբրահամյանը դեռ հույսը չի կորցնում, որ առաջիկա զարգացումներում ոչ միայն կարևոր դերակատարություն կարող է ունենալ, այլև անձամբ բախտակիցների գծավորությամբ կարող է կարևոր գործընթացների սկիզբ դնել թե՛ իշխանության ներսում, թե՛ դրանից դուրս։ Այս իմաստով, եթե պաշտոնանկ եղած նախարարները Հայաստանից մեկնել են, որովհետև այլ բան չէր մնում անել՝ Հովիկ Աբրահամյանն առայժմ արտերկրում գտնվելով, պարզապես ժամանակ է շահում։ Մամուլը գրել էր, որ Հայաստանում գտնվելու օրերին, չնայած Սերժ Սարգսյանի հրապարակային հավաստիացումներին, Հովիկ Աբրահամյանի համար գործ չգտնվեց ՀՀԿ-ում։ Այնտեղ աշխատանքի ամբողջ ծանրությունն իրենց վրա են վերցրել Արմեն Աշոտյանն ու ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ գաղափարա–քարոզչական հանձնաժողովի նախագահ Մուշեղ Լալայանը։ Նախընտրական այն աշխատանքը, որ կապված է քրեականների և օլիգարխների հետ, այս պահին Սերժ Սարգսյանի հրահանգով արգելված է։ Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանին հաջողվի քաղաքական դաշտում այնպիսի դասավորությամբ մտնել ընտրական շրջան, որ Հովիկ Աբրահամյանի այդ կապերն ու հնարավորություններն ընդհանրապես կուսակցությանը պետք չլինեն և այդու Հովիկ Աբրահամյանն ընդհանրապես դուրս մնա իշխանության վերին շրջանակին նույնիսկ մոտ գտնվելու հնարավորությունից»,–գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: