ՀԱԿ-ը շարժումից վերածվել է կուսակցության: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ունեցած զրույցում հայտնեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հարցազրույցին:
«Ես կոռեկտ չեմ համարում հիմա նախորոք ասել, որ դա ուշացած որոշում է կամ որևէ բան չի: Փաստն այն է, որ ՀԱԿ-ն այսօր չունի այն ազդեցությունը, որն ունեցել է տարիներ շարունակ և դրա մասին խոսում է առաջին նախագահը ՀԱԿ-ի մասին»,- առանձնացրեց Շարմազանովը:
Նա նշեց, որ այսօր ՀԱԿ-ը փորձում են փրկել և դարձնել կուսակցություն:
«Ես մի բան հասկացա, որ թե ՀԱԿ շարժման, և թե ՀԱԿ կուսակցության հիմնական բրենդը պետք է լինի առաջին նախագահը»,- ասաց Շարմազանովն ու անդրադառնալով Տեր-Պետրոսյանի հարցազրույցում արած կանխատեսումներից մեկին նշեց, որ փորձը ցույց է տալիս, որ առաջին նախագահի կանխատեսումները չեն իրականանա:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր տված իր հարցազրույցում անդրադառնալով ՀԱԿ-ի գոյությանը նշել էր, որ այն պետք է դառնա կուսակցություն: Իսկ Հայաստանի, որպես պետություն այսօրվա զարգացման պարագայում գոյատևումը տասնամյակներ հետո վտանգի տակ է լինելու:


