Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է 38-ամյա տղամարդու՝ Վ. Ս.-ի գործի դատական քննությունը:
Նախաքննական մարմինը հաստատված էր համարել հետևյալ հանգամանքները:
Վ. Ս.-ն 2013 թվականին պարբերաբար այցելել է մարզի գյուղերից մեկում բնակվող ամուսնական զույգին՝ Մովսեսին ու Արմենուհուն, ովքեր երեք երեխաներ ունեին՝ 1996 թվականին ծնված Գրետան, 2000 թվականին ծնված Ալլան ու 2003 թվականին ծնված Վրեժը (անունները փոխված են):
Վ. Ս.-ն ինտիմ կապի մեջ է մտել ընտանիքի մոր՝ Արմենուհու հետ: Վերջինիս ամուսինը, իմանալով այդ մասին, կնոջից բաժանվել է, բայց չի թշնամացել, շարունակել է մտերմությունը Վ. Ս.-ի ու նախկին կնոջ հետ:
Արմենուհին տեղափոխվել ու Վ. Ս.-ի հետ բնակվել է Արմավիրում վարձակալած բնակարանում: Շուտով նրանց հետ սկսել են ապրել Արմենուհու անչափահաս երեխաները՝ Ալլան ու Վրեժը:
Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի օգոստոսին Վ. Ս.-ն և Արմենուհին, նրա նախկին ամուսին Մովսեսն ու նրանց երկու անչափահաս երեխաները՝ Ալլան ու Վրեժը, գնացել են լճափ՝ միասին լողանալու և ժամանակ անցկացնելու:
Վ. Ս.-ն ու Մովսեսը խմել են, Մովսեսը քուն է մտել, իսկ Վ. Ս.-ն գյուղական խանութից առևտուր անելու պատրվակով 13-ամյա Ալլայի հետ ճամփա է ընկել: Մտել են մի կիսակառույց շինություն, որի աստիճաններով բարձրանալու ժամանակ, ըստ մեղադրանքի, Վ. Ս.-ն հանել է անչափահաս աղջկա ներքնաշորը, նրան պառկեցրել է բետոնե հատակին, նրա հետ կատարել է «սեռական հարաբերության իմիտացիա»:
Իր նկատմամբ կատարված անառակաբարո գործողության մասին աղջիկը հայտնել է մայրիկին ու ավագ քրոջը, բայց մայրը չի հավատացել, քույրն էլ խորհուրդ է տվել ամեն բան պատմել իրենց հորեղբորորդուն, որ Վ. Ս.-ին պատժի: Ալլան քրոջ հետ չի համաձայնել, ուրիշ ոչ մեկին ոչինչ չի ասել:
Սակայն Վ. Ս.-ն արդեն տանը շարունակել է անչափահաս աղջկա նկատմամբ պարբերաբար անառակաբարո գործողություններ կատարել՝ հպվել է նրան, շոյել է և այլն:
Վ. Ս.-ն իր ծանոթ մի տղամարդու՝ Ա.-ին, ծանոթացրել է Արմենուհու և նրա երեխաների հետ: Ա.-ն կապվել է Արմենուհու ավագ դստեր՝ Գրետայի հետ, նրանք բնակվել են Գրետայի հայրական տանը: Այնտեղ պարբերաբար գնում էին նաև Վ. Ս.-ն ու Արմենուհին՝ երեխաների հետ: Ա.-ն նույնպես նկատել է Վ. Ս.-ի սեռական հետաքրքրությունը անչափահաս Ալլայի նկատմամբ:
Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի նոյեմբերին Գրետան եղել է մոր ու Վ. Ս.-ի վարձակալած տանը: Նա տեսնելով, որ Վ. Ս.-ն անընդհատ սեռական ոտնձգություն է կատարում կրտսեր քրոջ նկատմամբ, կռվել է մոր հետ՝ այդ ամենը հանդուրժելու համար: Մայրը հարվածել է ավագ դստերը, վերջինս ընկել է, իսկ Վ. Ս.-ն նրան՝ 17-ամյա աղջկան, ազատությունից զրկել է՝ գցել է հյուրասենյակի տակ գտնվող նկուղը:
Առավոտյան Գրետայի կրտսեր եղբայր Վրեժը, օգտվելով Վ. Ս.-ի բացակայությունից, նկուղի դուռը բացել ու քրոջն ազատել է:
Նոյեմբերի վերջին Գրետայի փաստական ամուսին Ա.-ն մեկնել է Ռուսաստան, Գրետան ժամանակավորապես տեղափոխվել է մոր ու Վ. Ս.-ի վարձակալած տուն:
Նա տեսել է, որ Վ. Ս.-ն, իր մայրն ու կրտսեր քույր Ալլան քնում են մի մահճակալի վրա: Գրետան ու փոքր եղբայր Վրեժը քնել են առանձին մահճակալների վրա:
Գրետան, ըստ մեղադրանքի, հետևել ու տեսել է, որ Վ. Ս.-ն մոր ու կրտսեր քրոջ հետ գտնվելով նույն անկողնում, միաժամանակ ինտիմ բնույթի գործողություններ է կատարում երկուսի հետ էլ… Եղել է դեպք, ըստ Գրետայի, երբ մայրը Վ. Ս.-ի հետ սեքսով է զբաղվել, իսկ Ալլան մերկ պարել է Վ. Ս.-ի առաջ…
Վ. Ս.-ն Ալլայի նկատմամբ ոտնձգությունները շարունակել է նաև նրա 14 տարին լրանալուց հետո՝ 2014 թվականի դեկտեմբերից մինչև 2015 թվականի մայիս…
Ըստ մեղադրանքի՝ Վ. Ս.-ն օգտագործել է նաև իր «վերահսկող դիրքն ու հեղինակությունը» Արմենուհու կրտսեր որդու՝ Վրեժի նկատմամբ, նրան պարբերաբար ՝ 2013 թվականի նոյեմբերից մինչև 2014 թվականի գարուն, Արմավիրում ուղարկել է մուրացկանություն անելու: Վրեժը հավաքած գումարները տվել է Վ. Ս.-ին:
2015 թվականի ապրիլից Ալլան ու Վրեժը տեղափոխվել են հատուկ կրթահամալիրներից մեկը:
Նախաքննական մարմինը Վ. Ս.-ին, անչափահասների նկատմամբ կատարած ոտնձգությունների համար, մեղադրանքներ է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 132. 2 հոդվածի 1-ին մասով, 133 հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 142 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 142 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4 -րդ կետերով:
Реклама 15
Վ. Ս.-ն առնվել է կալանքի տակ:
Նախաքննության ու դատաքննության ժամանակ Վ. Ս.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա պնդել է, թե Վրեժին մուրացկանության չի ուղարկել, միայն մի անգամ ուղարկել է իր համար ծխախոտ ճարելու, նա էլ հարևանից է ճարել: Ինքն իր ընկերներից է իմացել, որ Վրեժը մուրացկանությամբ է զբաղվում, զայրացել է Վրեժի վրա:
Ճիշտ է, ինքը Արմենուհու և նրա անչափահաս՝ 13-14 տարեկան դստեր հետ քնել է նույն մահճակալին, բայց պատճառն այն էր, որ իրենց տանը ապրում էին նաև Արմենուհու նախկին ամուսին Մովսեսն ու Գրետայի փաստացի ամուսին Ա.-ն, տանը մահճակալները… չէին հերիքում… Ինքը Արմենուհու դստեր՝ Ալլայի նկատմամբ երբեք անառակաբարո գործողություններ չի կատարել, իր դեմ ցուցմունքներ են տվել Արմենուհու ավագ դստեր՝ Գրետայի ու նրա փաստական ամուսին Ա.-ի դրդմամբ, քանի որ նրանց հարաբերություններն իր հետ սրված էին… Ինքը Գրետային երբեք չի նետել նկուղը…
Գործով տուժողներ, անչափահասներ Ալլան ու Վրեժը նախաքննության ընթացքում տվել են Վ. Ս.-ին մեղադրող ցուցմունքներ, իսկ դատարանում փոխել են ցուցմունքներն ու ասել են, թե Վ. Ս.-ին ընդունում են ինչպես իրենց հոր:
Ըստ Ալլայի դատաքննական ցուցմունքի՝ Վ. Ս.-ն իր նկատմամբ երբեք ոչ մի ոտնձգություն չի կատարել, նա իրեն «տվել է այն ամենը, ինչ իսկական հայրը չի տվել», իր սուտ ցուցմունքների հեղինակը ավագ քույրն է եղել՝ Գրետան, ու՝ նրա ամուսին Ա.-ն: Վերջինս է փորձել մտնել իր ծոցը, բայց ինքը բղավել ու չի թողել: Նա նույնիսկ իրեն անառակաբարո գործողությունների վերաբերյալ տեսանյութ է ցուցադրել, ասել է, որ ինքը նայի, քանի որ այդպես պիտի անի իր հետ… Ալլան պնդել է, թե Վ. Ս.-ն Գրետային երբեք չի նետել նկուղը, եղբորն էլ մուրացկանության չի ուղարկել:
Նախաքննության ժամանակ նույն անչափահաս Ալլան մանրամասնությունների նկարագրությամբ հայտնել է, թե Վ. Ս.-ն ինչ ոտնձգություններ է կատարել իր նկատմամբ:
Անչափահաս Վրեժը դատարանում պնդել է, որ Վ. Ս.-ն իրեն մուրացկանության չի ուղարկել, ինքը դա արել է իր ցանկությամբ՝ քանի որ ծխող է, փող է հավաքել, որ ծխախոտ առնի, ինչպես նաև սննդամթերք է գնել տան համար, բայց մայրը միշտ բարկացել է իր վրա, երբ իմացել է, որ մուրացկանություն է արել:
Միայն Գրետան ու նրա փաստական ամուսին Ա.-ն են պնդել նախաքննական ցուցմունքները:
Երեխաների հայր Մովսեսը նույնպես հայտնել է, թե Վ. Ս.-ն անմեղ է, ինքը չի տեսել, որ նա Վրեժին ուղարկի մուրացկանության կամ Ալլայի նկատմամբ որևէ վատ բան անի: Ընդհակառակը, կինն ասում էր, թե Ալլան Վ.-ից է…
Արմենուհին՝ տուժած-չտուժած երեխաների մայրը, ընդունել է, որ «մահճակալների քչության պատճառով» ինքն ու կրտսեր դուստր Ալլան Վ. Ս.-ի հետ քնել են նույն մահճակալին… Բայց Վ. Ս.-ն Ալլայի նկատմամբ սեռական ոտնձգություններ չի կատարել, որդուն էլ մուրացկանության չի ուղարկել:
Ընդհանուր իրավասության դատարանը հանգել է եզրակացության, որ Վ. Ս.-ի մեղավորությունը մեղսագրված արարքների համար ապացուցված չէ:
Դատարանն արձանագրել է, որ Վ. Ս.-ին նախաքննական մարմինը մեղադրանքներ է առաջադրել միայն անչափահաս տուժողների իրարամերժ, հակասական ցուցմունքների հիման վրա: Նախաքննական մարմինը, ըստ դատարանի եզրակացության, չի կատարել բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննություն: Դատարանը նշել է, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ անչափահաս Ալլայի կուսաթաղանթը խախտված չէ, մինչդեռ նա իր նախաքննական ցուցմունքներում հայտնել է, թե Վ. Ս.-ն պարբերաբար իր հետ սեռական հարաբերություն է ունեցել:
Դատարանը մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները մեկնաբանել է հօգուտ ամբաստանյալի:
Դատարանը եզրակացրել է, որ Վ. Ս.-ին առաջադրված «մեղադրանքներն իրենց անորոշ ձևակերպումների պատճառով ոչ միայն անհիմն են, այլ նաև՝ անհասկանալի, քանի որ հստակ նշված չէ Վ. Ս.-ի կատարած արարքների ժամանակահատվածը՝ սկիզբը, տևողությունը, ավարտը…»:
Ըստ դատարանի եզրահանգման՝ գործող տուժող Գրետան ու նրա փաստական ամուսին Ա.-ն Վ. Ս.-ի դեմ ցուցմունքներ են տվել, մյուսներին էլ սովորեցրել են այդպիսի ցուցմունքներ տալ՝ Վ. Ս.-ից վրեժխնդիր լինելու նպատակով:
Դատարանը Վ. Ս.-ին արդարացրել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Արդարացման դատավճռի հրապարակման պահին Վ. Ս.-ն դատարանի դահլիճում անհապաղ ազատ է արձակվել կալանքից: