«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ երեկ Երևանում պայթեցման միջոցով քանդվեց մայրաքաղաքի առաջին տպարանի շենքը:
«Շենքը մոտ 100 տարվա պատմություն ուներ և, կարելի է ասել, Երևանի պատմության անբաժան մասն էր: Այն, որ տպարանի շենքը քանդվելու է, լայն հասարակությանը հայտնի չէր. կարելի է ասել՝ այդ որոշումը այնքան էլ հրապարակային չէր և շատերի համար անակնկալ էր:
Դատելով սոցիալական ցանցերում երեկ ծավալված ակտիվ քննարկումներից, հանրությունը շատ բացասական արձագանքեց դրան, և կարելի է ենթադրել, որ եթե նախօրոք հայտնի լիներ, որ շենքը քանդվելու է, բողոքի ակցիաներ կլինեին: Թերևս հենց դա է պատճառը, որ շենքի ճակատագիրը թաքուն էր պահվում:
Շենքի տեղում, ըստ շրջանառվող լուրերի, կառուցվելու է բազմաֆունկցիոնալ շենք կամ հյուրանոց: Երեկ մամուլը հետևողականորեն փորձում էր պարզել, թե ով է այդ տարածքի սեփականատերը: Վերջինս այդպես էլ իրեն «չմատնեց»:
Մեր տեղեկություններով, տվյալ տարածքի սեփականատերը «Մաքուր երկաթ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գենիկ Կարապետյանն է: Նշենք, որ պայթեցումը իրականացրել են «Նորտեղ Շին» ընկերության մասնագետները: Վերջիններս գործել են պրոֆեսիոնալ: Պայթեցված շենքի հարևանությամբ գտնվող շինությունները չեն տուժել, իսկ արտաքին պատերը պայթյունի հետևանքով «ծալվել են» դեպի ներս»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: