ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու համալսարանական հիվանդանոցի հանդերձասրահի պահարանից գողություն կատարած անձի ինքնությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նախնական տվյալներով՝ 2016 թվականի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13:30- 14:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է համալսարանական հիվանդանոցի հանդերձասրահի փայտե պահարանի դուռը և քաղաքացու պայուսակից գաղտնի հափշտակել դրամապանակը, որի մեջ եղել են կանխիկ գումար, բանկային քարտ, նույնականացման քարտ, կուտակային քարտեր և բջջային հեռախոս՝ վերջինիս պատճառելով զգալի չափի գույքային վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել են համալսարանական հիվանդանոցում տեղակայված տեսագրող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյությում երևում է, թե ինչպես են միջանցքում հայտնվում 2 երիտասարդ՝ մոտ 20-25 տարեկան, սև մազերով, միջին կազմվածքով և հերթով մուտք գործում սենյակ, որտեղ գտնվում են գողացված իրերը և դուրս գալիս: Երիտասարդներից մեկը՝ սև բաճկոնով, սև տաբատով և սև կոշիկներով է, իսկ մյուսը՝ սև բաճկոնով, բաց կապույտ ջինսե տաբատով և սև սպորտային կոշիկներով:
Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձանց կամ որևէ տեղեություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրվում է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: