«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Վերջին օրերին հատկապես առևտրականների շրջանում ակտիվորեն քննարկվում է, այսպես կոչված, «կարգոների» փակվելու լուրը: Դրանք այն կազմակերպություններն են, որոնք առևտրականներն իրենց բեռը հանձնում են ձեռքբերման երկրում և ստանում Հայաստանում` ծառայության համար վճարելով, ըստ բեռի քաշի, 6-8 դոլար՝ մեկ կիլոգրամը:

Բայց պարզվում է` «կարգոների» հետ կապված խնդիրն իրականում միտումնավոր է այլ կոնտեքստում շրջանառվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վարդան Հարությունյանը ՀՀ ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո «կարգոներին» զգուշացրել է, որ այսուհետ իրենք երկու հարկ չեն վճարելու նախկին սկզբունքով:

Բանն այն է, որ նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի օրոք գործել է հարկման 2 տարբերակ. մեկը վճարվել է պետբյուջե, իսկ մյուսը, այսպես կոչված, «սև կասա»: և հիմա «կարգոներին» զգուշացվել է, որ գումարը վճարվելու է միայն պետբյուջե:

Այսինքն` առևտրականների վճարած գումարները որևէ կերպ չեն ավելանա: Բայց այս հեռանկարը «կարգոների» նախկին գործելաոճի հետ հարաբերություն ունեցող որոշակի շրջանակների համար, բնականաբար, ձեռնտու չէ, դրա համար էլ նրանք շրջանառության մեջ են դրել լուրերը, թե «կարգոներն» ընդհանրապես փակվում են, ինչը առևտրականների շրջանում կարող է լուրջ դժգոհություններ առաջացնել»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: