ՀՀ կառավարությունն այս պահին հաշվարկներ է իրականացնում, որպեսզի հուլիսի 1-ից բարձրացնի նվազագույն աշխատավարձի չափը՝ ներկայիս 35 հազար դրամի փոխարեն սահմանելով 45 հազար դրամ: 2014թ.-ի հունվարի 1-ից ծրագրավորվում է աշխատավարձերի էական բարձրացում: Այս մասին Ազգային ժողովի մայիսի 20-ի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ է առաջիկա 5 տարիների ընթացքում նախատեսվում է կրկնապատկել նվազագույն աշխատավարձի ներկայիս չափը, էականորեն բարձրացնել սոցիալական կենսաթոշակների, նպաստների չափերը:
«Նախագահը մեր առջև խնդիր է դրել, որ մենք պետք է ձեր դատին ներկայացնենք մի ծրագիր, որն ապահովելու է աշխատավարձերի շոշափելի աճ: Այսօր մենք այդ հաշվարկներն իրականացնում ենք և կներկայացնենք շուտով ձեր դատին մի փաստաթուղթ, որում ամրագրված կլինեն աշխատավարձի բնագավառում պետության քաղաքական մոտեցումները: Առաջինը մենք մտադիր ենք ներկայացնել ձեր դատին աշխատավարձերի միասնական սանդղակ, որն ենթադրում է քաղաքական համաձայնության գալ տարբեր ճյուղերի միջև աշխատավարձերի համամասնությունների վերաբերյալ՝ օրենսդիր, գործադիր, դատական: Եվ այդ կոնսենսուսի շնորհիվ մենք կկարողանանք այս 5 տարիների ընթացքում աշխատավարձի ավելի հստակ քաղաքականություն իրականացնել Հայաստանի Հանրապետությունում: Երկրորդը՝ մենք մտադիր ենք ավելի արագ տեմպերով բարձրացնել նվազագույն աշխատավարձը»,-ասաց ՀՀ վարչապետը: