ՀՀ ՊՆ Գյումրու զինկոմիսարիատի պահեստազորի սերժանտ շարքայինների հաշվառման ամրագրման և նախորոշման բաժանմունքի պետ մայոր Արտեմ Մարգարյանը ձերբակալվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու՝ կաշառք ստանալու կասկածանքով. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
2016 թվականի հոկտեմբերի 31-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ Ռուսաստանի Դաշնությունում կորցրած զինվորական գրքույկը վերականգնելու նպատակով 2016 թվականի նոյեմբերի սկզբին դիմել է ՀՀ ՊՆ Գյումրու զինվորական կոմիսարիատի պահեստազորի սերժանտ շարքայինների հաշվառման ամրագրման և նախորոշման բաժանմունքի պետ Ա. Մարգարյանին: Ըստ քաղաքացու՝ Ա.Մարգարյանը տարբեր պատճառաբանություններով 1 շաբաթ շարունակ հրաժարվել է վերականգնել իր զինվորական գրքույկը, որից հետո՝ 2016 թվականի նոյեմբերի 8-ին, իր աշխատասենյակում 200 ԱՄՆ դոլար գումար է պահանջել՝ նոր զինվորական գրքույկը տրամադրելու համար։
Հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և ձեռնարկվել անհրաժեշտ գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու համար։ Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Ա.Մարգարյանը ձերբակալվել է։ Վերջինս, օգտվելով դատավարական իր իրավունքից, հրաժարվել է ցուցմունք տալուց։
Քրեական գործով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: