Երեկ՝ նոյեմբերի 10-ին, կայացավ «Երկրաշարժ» ֆիլմի մեծ պրեմիերան, որի առաջին հանդիսատեսն էին ֆիլմի ստեղծագործական անձնակազմը, լրագրողները, կինոյի և թատրոնի աշխատակիցները և բազմաթիվ հայտնիներ։ Հանդիսատեսն այն կարող է դիտել նոյեմբերի 18-ից։
Նշենք, որ ֆիլմը դեռ մեծ էկրաններին չէր, երբ արդեն սկսվել էին ֆիլմի հետ կապված բուռն քննարկումները: Նախ հայտնի դարձավ, որ ցանկություն կա ֆիլմը «Օսկար» մրցանակաբաշխությանը ներկայացնելու՝ Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Սակայն Ամերիկյան կինոակադեմիան բողոք ներկայացրեց Հայաստանի ազգային կինոակադեմիա` նշելով, որ ֆիլմի ստեղծագործական կազմում ներառված են առավել մեծ թվով ռուսներ, քան հայեր, ինչը բավարար չէ «Օսկար» մրցանակի առաջադրման համար: Այնուամենայնիվ, շատերը նշում են, որ ֆիլմն իսկապես արժանի էր համաշխարհային այս մրցանակաբաշխությանը մասնակցելու:
YN.am-ը ( Yerevan News – Երևան Նյուզ լրատվական կայք ) ներկա է գտնվել ֆիլմի պրեմիերային և զրուցել ներկաներից մի քանիսի հետ:
Պրեմիերայից առաջ տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին և նրանց, ովքեր աջակցել են ֆիլմի ստեղծմանը: Այնուհետև խոսեց գլխավոր դերակատարուհիներից մեկը՝ Մարիա Միրոնովան՝ ասելով, որ սա իր 2-րդ այցելությունն է Հայաստան, իսկ առաջինը եղել է 1 տարի առաջ, երբ նկարահանվում էր ֆիլմը:
«Այս ֆիլմը մեզ համար պարզապես ֆիլմ չէ: Դա բառերով նկարագրելի չէ... այն ամենն ինչ զգացել են մարդիկ այդ տարիներին, մեծ ողբերգություն է, որը ոչ միայն Հայաստանինն է, այլև ամբողջ աշխարհինը: Ես սցենարը կարդացել եմ ուշ: Այնտեղ իմ համար գործնականում դեր չկար, բայց ես ուզում էի դիպչել այդ թեմային, այդ պատմությանը, այդ մարդկանց, ովքեր ոչ թե հասարակ ֆիլմ են ստեղծել, այլ պատմություն»,- ասաց նա:
Խոսեց նաև դերասան Հրանտ Թոխատյանը, ով բոլորին մաղթեց բարի դիտում՝ ասելով. «Ինձ համար, որպես մասնակից, ֆիլմը շատ ավելի հուզիչ է և շատ կուզենամ, որ այդ հուզմունքը նաև ձեզ փոխանցվի, որովհետև մենք ստեղծել ենք ֆիլմ մեզ համար: Մեր սերունդը կվերապրի այն օրերը, ինչպես նկարահանման հրապարակում ապրում էին բոլորը»: