Այսօր մամուլում տարածված տեղեկատվությունը, թե ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը պաշտոնական գրություն է ուղարկել գերատեսչություններին՝ պահանջելով կրճատել մամուլի բաժանորդագրությունը, որևէ առնչություն չունի իրականության հետ: Պաշտոնապես հայտնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը նման գրություն գերատեսչություններին չի ուղարկել։
Հիշեցնենք, որ «Հրապարակը» գրում էր, որ Ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը պաշտոնն ստանձնելուց հետո մի «ունիկալ» նախաձեռնությամբ է հանդես եկել: Նա թերեւս մտածում է, որ ֆինանսների նախարարի թիվ մեկ պարտականությունը խնայողություններ անելն է, եւ, հավանաբար, սրան է գումարվել նաեւ մամուլի նկատմամբ իր եւ իր թիմի նեգատիվ վերաբերմունքը, ու նա որոշել է հաճելին օգտակարի հետ համատեղել՝ խնայողության անվան տակ արգելել թերթ կարդալը:
Եվ առաջինը, ինչն արել է՝ պաշտոնական գրություն է ուղարկել գերատեսչություններին, պահանջելով կրճատել մամուլի բաժանորդագրությունը: Ըստ գերատեսչական մեր աղբյուրների, այս հրահանգն առաջին հերթին վերաբերում է անկախ եւ ընդդիմադիր մամուլին:
Մենք էլ կարծում էինք, թե այս իշխանությունն օրերից մի օր կհասկանա, որ ազատ մամուլին աջակցելը, մամուլը կայացնելը երկրի զարգացմանն ուղղված քայլ է եւ պետության հիմնական պարտականություններից մեկը:
Դավիթ Սարգսյանը չի կրճատել մամուլի բաժանորդագրությունը
