«Հեյդար Ալիևը մահացել է ոչ իր բնական մահով: Հեյդար Ալիևի սպանությունը պետք է հետաքննվի և նրա սպանության մեջ մեղավորները պետք է բացահայտվեն»,- այսպիսի սենսացիոն հայտարարությամբ հանդես է եկել Հեյդար Ալիևի իրավական հարցերով նախկին խորհրդական Էլման Ջալիլովը:
AzPolitika.info կայքին տրված հարցազրույցի ժամանակ Էլման Ջալիլովը նշել է, որ այդ առումով նա դիմել է կառավարության ղեկավարին և գրավոր կերպով ներկայացրել իր տարբերակի բոլոր մանրամասները:
Նրա կարծիքով Հեյդար Ալիևի մահը պարուրված է բազմաթիվ գաղտնիքներով:
Ջալիլովը հիպոթեզ է առաջադրել, որի համաձայն Հեյդար Ալիևի սրտի խթանիչները ղեկավարվել են մեկ այլ կողմից և ելույթի ժամանակ նրա ընկնելը պատահականություն չի եղել:
Որպես Հեյդար Ալիևի սպանության պատճառ Ջալիլովը նշել է, որ Ալիևը իր դիրքերը ամրապնդելուց հետո այլևս չէր գործում Արևմուտքի շահերին համապատասխան:
Նրա խոսքերով այդ ժամանակ անցկացվում էր քաղաքական ղեկավարների վերացման հետևողական քաղաքականություն: Այժմ արդեն պարզ է դարձել Թուրգութ Օզալի սպանության մասին, ինչպես նաև քրեական գործ է հարուցվել Էլչիբեյի սպանության հետ կապված:
Նախկին խորհրդականը ենթադրում է, որ այդ սպանությունները իրար հետ կապված են: