Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի դեմ, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ խոսքը 2 մլն դոլար կաշառք վերցնելու մասին է:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական գործը կապված է «Ռոսնեֆտ» նավթագազային ընկերության կողմից «Բաշնեֆտ» նավթային ընկերության արժեթղթերի պետական փաթեթի գնման հետ: Աղբյուրը մանրամասնում է, որ Տնտեսական զարգացման նախարարությունը, որը գլխավորում է Ուլյուկաևը, պետք է գնման պայմանագրին դրական գնահատական տար:
«Խոսքը «Ռոսնեֆտ»-ի ներկայացուցիչներից սպառնալիքների միջոցով կաշառք պահանջելու մասին է»,-հայտնել է Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, որը մանրամասնել է, որ նախարարը ձերբակալվել է 2 մլն դոլար կաշառքը վերցնելու պահին:
Գործին տեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ Ուլյուկաևը 1 տարուց ավելի գտնվել է իրավապահ մարմինների տեսադաշտում: Հայտնի է, որ ուժայինները գաղտնալսել են նախարարի և նրա շրջապատի հեռախոսազրույցները:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ուլյուկաևին ներկայացվել է շատ լուրջ մեղադրանք, որը շատ լուրջ ապացույցների կարիք ունի: