ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Վարդան Ավետիսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական:

Այս մասին տեղեկանում ենք Հ ՊՆ մամուլի ծառայությունից:

Գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը ծնվել է 1967 թ. ապրիլի 24-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղում։ 1985-87 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, իսկ 1988 թ. փետրվարից եղել է «Արցախի ուսանողա-երիտասարդական միության» պատասխանատու քարտուղարը։ Վարդան Ավետիսյանը 1989 թ. եղել է նույն միության վերակազմավորված ջոկատի հրամանատարը։ 1991 թ. վերջին եղել է ԼՂՀ Մարտունու շրջ.՝ Մերուժան Մոսիյանի ղեկավարած գումարտակում։

1991-92-ին՝ Արցախի համալսարանի դասախոս։ 1992-93-ին՝ Մարտունիի ինքնապաշտպանական շրջանի պարետ և քաղգործկոմի նախագահ, 1993-94-ին՝ Հադրաթի պաշտպանական շրջանի հրամանատար, 1993-95-ին՝ Մարտունիի պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ, 1996-97-ին՝ Մադաղիսի ՊՇ-ի, 1997-2000-ին՝ Խոջալուի ուսումնական գնդի, 2000-02-ին՝ Ասկերանի ՊՇ-ի հրամանատար, 2002-ից՝ ՀՀ ՊՆ դաստիարակչական աշխատանքի վարչության պետ։
Մասնակցել է «Արցախի ուսանող-երիտասարդական» միության (1988, գործավար և պատասխանատու քարտուղար), կամավորական ջոկատների կազմավորման աշխատանքներին, Մարտունիի, Հադրութի, Լաչինի, Մարտակերտի, Քելբաջարի, Աղդամի, Կուբաթլուի, Ֆիզուլիի, Զանգելանի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական գործողությունների ժամանակ 2 անգամ վիրավորվել է։

2009 թվականի հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետի պաշտոնից:

Վարդան Ավետիսյանը նաև հայտնի գրող է։ Հեղինակ է գիտական, հրապարակախոսական հոդվածների, պատմվածքների և բանաստեղծությունների ժողովածուների։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով, «Մայրական երախտագիտության Արցախի քաջորդիներին», ՀՀ «Մարշալ Բաղրամյան-100» հուշամեդալներով, «Անդրանիկ Օզանյան»մեդալով։ 2012 թ. պարգևատրվել է «Վարդան Մամիկոնյան» շքանշանով:

2015 թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։