«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Սերժ Սարգսյանի տված տասնօրյա ժամկետը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին երեկ ավարտվեց: Հիշեցնենք` նոյեմբերի 2-ին կայացած խորհրդակցության ժամանակ Սարգսյանը հանձնարարել էր դիտարկել` հնարավո՞ր է, որ արագաչափ սարքերից և կարմիր գծերից գանձվող գումարները կառավարեն պետական և համայնքային կառույցները: ՀՀ ոստիկանության տարածած տեղեկության համաձայն՝ մասնավոր ընկերությունների հետ բանակցություններն ավարտվել են:
Մինչդեռ «Սեքյուրիթի Դրիմի» և «Փարքինգ սիթի Սերվիսի» ղեկավարները «Ժողովուրդ» օրաթերթին վստահեցրին, որ բանակցությունները դեռ շարունակվում են, ոչինչ որոշված չէ, ոչինչ ավարտված չէ:
Ստացվում է, որ էլի գործ ունենք կամավոր-պարտադիր սկզբունքի հետ. արագաչափերի և կարմիր գծերի «տերերին» կստիպեն հանձնել իրենց բիզնեսը պետությանը և հեռանալ: Բա ասում էին՝ բիզնես չի՞ խլվելու: Չէ՞ որ այս ընկերությունները օրենքով նախատեսված ձևով մրցույթի են մասնակցել, հաղթել ու աշխատում էին պետության սահմանած խաղի կանոններով»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: