Հասարակական լայն քննարկման թեմա են դարձել այն խոսակցությունները, որ հաջորդ ամսվա սկզբին թանկանալու են երթուղայինների ուղեվարձերը` պայմանավորված գազի գնի բարձրացմամբ:
Սոցիալական ցանցերում, մամուլում ևս խոսակցություններ կան այն մասին, որ հունիս 1-ից միկրոավտոբուսների գինը կդառնա 200 դրամ, իսկ ավտոբուսներինը` 150դրամ: Իհարկե, այն մարդկանց համար, որոնց հիմնական փոխադրամիջոցը հանդիսանում են երթուղայինները` քաղաքային տրանսպորտը, սա մեծ հարված կլինի, իսկ այդպիսի մարդիկ մեր հանրապետությունում բոլորիս հասկանալի պատճառներով մեծամասնություն են կազմում:
Այսպիսով, եթե գազի գինը բարձրացավ, դժվար թե մեծամասնության շահը գերակշռող դառնա, քանի որ այդ մեծամասնությունը չի կարողանա պայքարել «մեծամեծների»` օլիգարխների, գերակա շահի, կամ գերտերություն Ռուսաստանի դեմ:
Մինչդեռ քաղաքագետները, քաղաքական գործիչները և քաղաքացիները վերլուծում են և փորձում հասկանալ, թե ով է մեղավորը, որ գազի գինը բարձրանում է, YerevanNews.am –ը փորձեց հասկանալ, թե արդյո՞ք կա անհանգստանալու և խուճապի մատնվելու առիթ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանի խոսքով` այժմ տրանսպորտի և կապի նախարարությունը կարգավորում է միջմարզային և միջպետական երթուղային ցանցերը և փոխադրավարձը չի բարձրացել և չի փոխվել:
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքով նախատեսված է, որ փոխադրողը գնի փոփոխության դեպքում պետք է դիմի երթուղային մասը ձևավորող մարմնին: Սակայն տրոնսպորտի և կապի նախարարությանն այս պահի դրությամբ ոչ ոք չի դիմել` որևէ երթուղու փոխադրավարձը փոխելու միտումով»,-իր խոսքում նշեց Դավիթ Մելքոնյանը:
Վերջինս անիրատեսական է համարում տրանսպորտի գնի բարձրացումը մինչև այն պահը, քանի դեռ գազի գինը չի բարձրացել:
Մեր հարցին, թե արդյո՞ք անխուսափելի է ուղեվարձերի թանկացումը, գազի գնի բարձրացումից հետո, Մելքոնյանը պատասխանեց.
«Այս պահի դրությամբ չեմ կարող ասել, բայց հետևաբար, եթե գազը թանկացավ, տրամաբանորեն թանկանալու են ոչ միայն երթուղային տրանսպորտի, այլ նաև մնացած ուղևորափոխադրող տրանսպորտի գները»: