Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության ու հաղորդակցությունների նախարար Ահմեդ Արսլանը հայտարարել է, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին Թուրքիան Ադրբեջանի միջոցով կկապի Ղազախստանի ու Չինաստանի հետ։
Նրա խոսքերով՝ ԲԹԿ-ի թուրքական հատվածի կառուցման առաջին փուլը կավարտվի մինչև ընթացիկ տարեվերջ։ Արսլանը հայտարարել է, որ 2017 թվականի սկզբին ԲԹԿ-ի թուրքական հատվածով կանցնի առաջին փորձնական գնացքը։
Վերջերս Ղազախստանի, Ադրբեջանի ու Վրաստանի երկաթգծերի ղեկավարները պայմանավորվել են ստեղծել մրցակցային սակագներ բեռնափոխադրումների համար: Երեք երկրների երկաթգծերի ղեկավարներն Աստանայում հանդիպել են Ղազախստանի բեռնափոխադրողների, խոշոր օպերատորների ու բեռնափոխադրումներով զբաղվող ընկերությունների հետ: Քննարկվել են բեռների փոխադրման փոխշահավետ պայմանները:
Խոսքը գնում էր մետաղների, ցորենի, նավթամթերքների կոնտեյներային փոխադրումների սակագների իջեցման մասին՝ Ղազախստանի, Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով դրանք փոխադրելու ժամանակ:
Ադրբեջանի երկաթգծերի ղեկավարի տեղակալ Իգբալ Հուսեյնովը հայտարարել է, որ իրենք պատրաստ են լավ պայմաններ առաջարկել ապրանքների տեղափոխման համար: Իրենք ուղիղ երկաթգծային կապ են բացում Վրաստանի տարածքով դեպի Թուրքիա:
Ադրբեջանա-ղազախական քաղաքական, տնտեսական կապերը միշտ էլ եղել են բարձր մակարդակի վրա՝ երկու երկրները թյուրքախոս երկրների կազմակերպության անդամ են, Կասպից ծովում հարևաններ են, իսկ Ադրբեջանը Ղազախստանի համար այլընտրանքային ուղի է Կովկաս, Թուրքիա և Եվրոպա դուրս գալու համար, այդ թվում՝ նոր թափ հավաքող Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի օգնությամբ, որն անցնելու է Չինաստան-Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղության վրա:
Այս պահին այդ ուղղությամբ ակտիվ բեռնափոխադրումներ են կատարվում՝ Բաքվի նավահանգստի ու ղազախական Աքթաու նավահանգստի միջև՝ այդ քաղաքում ադրբեջանական կողմը ստեղծել է համապատասխան պահեստներ՝ իր գյուղատնտեսական և այլ ապրանքները ղազախական և կենտրոնականասիական շուկաներ արտահանելու համար: Ղազախստանին ձեռնտու է Ադրբեջանի հետ առևտրա-տնտեսական կապերի ընդլայնումը՝ ՌԴ-ից անկախ նոր լոգիստիկ հնարավորություններ ունենալու համար արևմտյան ուղղությամբ:
Ադրբեջանը ցանկանում է դառնալ Թուրքիան ու Կովկասը մի կողմից, իսկ մյուս կողմից՝ Չինաստանն ու թյուրքախոս Կենտրոնական Ասիան կապող տրանսպորտային միջանցքի կապող օղակներից մեկը: Դա հնարավորություն կտա քաղաքական դիվիդենտներին զուգահեռ ստանալ կոնկրետ, ֆինանսական օգուտներ՝ փոխադրումների, տարանցման, լոգիստիկ ծառայությունների համար գումարներ գանձել:
Բաքուն աստիճանաբար փորձում է նավթ արտահանող երկրից վերածվել նավթի, գազի, տրանսպորտային այլ լոգիստիկ ծառայություններ տրամադրող տարանցիկ միջանցքի՝ նվազեցնելով միակողմանի նավթագազային կախվածությունն ու բյուջեն համալրելու նոր տարբերակներ գտնել: Վերջերս էլ Ադրբեջանը, ՌԴ-ն և Իրանը պայմանավորվեցին օպերատիվ կերպով կյանքի կոչել Հյուսիս-Հարավ միջանցքը, որը նույնպես անցնելու է Ադրբեջանով: Այդ երկիրը դառնում է Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ միջանցքների խաչմերուկ:
Ադրբեջանում ԱՄՆ–ի դեսպանատան տնտեսական բաժնի ղեկավար Քարթեր Ուուլբուրը հայտարարել է, որ Ադրբեջանը մեծ աշխատանքներ է իրականացրել տարանցիկ փոխադրումների օպերատիվության ապահովման հարցում։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախաստանն ու Վրաստանը մեծ աշխատանքներ են իրականցրել տարացման արագության մեծացման համար։ Ըստ նրա՝ երկրները հասկացել են, որ չպետք է մրցակցեն միմյանց դեմ, այլ ընդլայնեն համագործակցությունը երկրների միջև անխափան տարանցիկ փոխադրումների համար։ Ըստ նրա՝ հաշվի առնելով Ադրբեջանի դիրքը հյուսիսի ու հարավի, արևելքի ու արևմուտքի միջև՝ այդ երկիրը դառնում է գլխավոր տարանցիկ կենտրոն Արևելյան ու Հարավարևելյան Ասիայից դեպի Եվրոպա։
Այսպիսով, Անկարայի ու Արևմուտքի շահերը Թուրքիա–Վրաստան–Ադրբեջան–Կենտրոնական Ասիա էներգետիկ–տրանսպորտային միջանցք կառուցելու առումով համընկնում են, իսկ այդ միջանցքն էլ շրջանցելու է ՌԴ–ին ու նրա հարավկովկասյան դաշնակից ՀՀ–ին։
Այդ միջանցքին հակակշիռ կարող է դառնալ Հյուսիս–Հարավ միջանցքի կառուցումը`ՌԴ–Վրաստան–ՀՀ–Իրան–Պարսից ծոց ուղղությամբ ու Իրանի նախագահի երևանյան այցի ընթացքում պետք է նոր խթան տալ այդ նախագծին`Վրաստանը, ՀՀ–ը, Իրանն ու ՌԴ–ը միավորում են էլեկտրաէներգիայի համակարգերը, Հյուսիս–Հարավ ավտոմայրուղին Իրանը ՀՀ–ով կապելու է Վրաստանի սևծովյան նավահանգիստների հետ։
Այդ ծրագրերը պետք է ավելի օպերատիվ կյանքի կոչվեն, որպեսզի ՀՀ–ը կարողանա դիմակայել թուրք–ադրբեջանական տանդեմի մարտահրավերին ու մեծացնի իր աշխարհաքաղաքական նշանակությունն Իրանի, ՌԴ–ի ու հյուսիսային հարևան Վրաստանի համար, որն ամբողջությամբ սկսում է անցնել Անկարայի ու Բաքվի տնտեսական ու քաղաքական ազդեցության տակ։
Արտեմ Բալասանովի ֆեյսբուքյան էջից: