ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը հայտարարությունների ժամանակ անդրադարձավ կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի 43 համայնքի գյուղացիներին:
ԱԺ պատգամավորն առաջարկում է այսուհետ Արմավիրի մարզը համարել աղետի գոտի, քանի որ այն ոչնչով չի տարբերվում աղետի գոտուց:
Պատգամավորը խորհրդարանին տեղեկացրեց, որ ինքը զրուցել է գյուղացիների հետ, այցելել գյուղեր և նրանց պահանջների մեջ են մտնում սառեցնել ջրի և հողերի հարկերը, ինչպես նաև վարկերը:
«Կա գյուղ, որտեղ անգամ 1կգ բերք չկա: Մոտավորապես 20 հազար տոննա խաղող է ոչնչացել»,-իր խոսքում նշեց Ալեքսան Պետրոսյանը:
Վերջինս դիմելով խորհրդարանին առաջարկեց ստեղծել մի հաշվեհամար, որտեղ յուրաքանչյուրը կարող է գումար փոխանցել, որպես օգնություն գյուղացիներին:
Ալեքսան Պետրոսյանը հայտնեց նաև, որ ինքը պատրաստվում է նամակով դիմել կրթության և գիտության նախարարին` այդ համայնքների ուսանողների վարձերը զեղչելու համար:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ իր մեկ ամսվա աշխատավարձը կփոխանցի այդ հաշվեհամարին, որպես օգնություն կարկոտ տուժած գյուղացիներին: