«Իրատես» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն ինչ-որ բան կփոխի, իհարկե։
ա) Գրագետ, հաշվարկված վերադարձի դեպքում ՀՀԿ-ն, որը սրընթաց գնում է «պատմական» համագումարի, մանևրի հսկայական դաշտ կարող է ստանալ: Մանավանդ որ արդեն իսկ բարձրաձայնումներ կան, թե ՀՀԿ համագումարը սպասվածի չափ «ցնցող» չի լինելու մի շարք, սակայն առաջին հերթին Հայաստան «չներթափանցած» լուրջ ներդրումների պատճառով: Չնայած կա նաև հակառակ տեսակետը` ներդրումները կլինեն դեկտեմբերին: Ի դեպ, սրանից են կախված Ծառուկյանի «մուտքի» «ինչպես»-ն ու «երբ»-ը: Նաև` «ումով»-ը:
բ) Բաց է նաև հարցը՝ բարձրագույն իշխանությունը տվե՞լ է նրան վերադարձի «դաբրո», թե՞ ԲՀԿ-ն պարզապես յուր հոծ զանգվածներով կանչում էր նրան, ընդ որում՝ «փարդի հետևում» այս անգամ ունենալով ոչ թե երկրորդ նախագահին, այլ 13-րդ վարչապետին: Այո, Հովիկ Արգամիչին, ով այս պահին քաղաքական «միջանցքում» է, և գտնվելով Երևանում, չի մասնակցում ՀՀԿ ԳՄ նիստերին: Ասել է` մեսիջ է հղում առ այն, որ անչափ դժգոհ է իր վիճակից: Իսկ դժգոհելու առիթ Հովիկ Արգամիչն ունի, զի նրան մինչ այս պահը, ինչպես և Ծառուկյանին, չեն ասել` «վերադառնո՞ւմ է», թե՞ ոչ:
Միջանկյալ էլ ասենք, որ Սերժ Սարգսյանի խաղի ու հաշվարկների գերագույն հմայքը եղել և մնում է հենց այս մարտավարությունը՝ պահել որևէ մեկին «միջանցքում», փորձելով հասկանալ` այդ «ղեկավարելի քաոսից» հիբրիդային ինչ պատկեր կարտածվի: Ասել է թե` պետք է հասկանալ` ինչպե՞ս կխաղա Ծառուկյանը հետայսու, որն այս պահին անչափ ջերմ հարաբերություններ ունի «նախագահ ջանի» հետ, և ամենուր ասում է, որ այլևս թույլ չի տալու իրենց «արանքը մարդ մտնի»։ Արդյոք պահելո՞ւ է իր խոսքը, թե՞ նրա կողքին դարձյալ հավաքվելու են մարդիկ, ովքեր վերջինիս ներշնչելու են` «ամենա-ամենան» հենց ինքն է, որ կա: Եվ ապա` ինչպե՞ս է իրեն պահելու Հովիկ Արգամիչը, որ ամիսներ առաջ, ոչ ավել-ոչ պակաս, վերցրել ու ասել էր՝ ինքը կլինի վարչապետ նաև 2017-ից հետո, երբ դեռ պետք էր անցնել 2016-ը:
գ) Բոլոր դեպքերում, շատերն են համոզված, որ Ծառուկյանը կվերադառնա, ընդ որում, ի տարբերություն ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի, նրա վերադարձին քաղաքական դաշտում շատերը չեն սպասում, այդ թվում՝ ՀՅԴ-ն, ՀՎԿ-ն, արևմտյան ալյանսի ակնկալիք ունեցողների բլոկը, որովհետև Ծառուկյանի վերադարձով ծածկվելու է բավականին լուրջ դաշտ, և բողոքական էլեկտորատի կարոտախտի ողջ բաղձանքը սուբլիմացվելու է նրա կերպարի մեջ:
դ) Ծառուկյանի քաղաքականություն վերադարձն ինքնին շատ լուրջ ներդրում է նրա ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական կյանքում: Ասել է՝ Ծառուկյանի մուտքը լուրջ գումարների ազդանշանում կլինի (նա սիրում է ծախսել քաղաքականության վրա), որի մի մասից էլ կօգտվի բուն բողոքավոր էլեկտորատը` այս կամ այն «տեսքով»:
Մյուս կողմից, առանձնապես նյութական պայծառ օրեր չապրող կուսակցությունների համար սա ուղղակի գիլիոտին կլինի` ինքնուրույնության առումով, ինչի տակ նույնպես նուրբ հաշվարկ կա. Ծառուկյանի վերադարձը մնացած բոլոր քաղաքական, ոչ «նյութավոր» ուժերին կստիպի հավասար զգաստ լինել հանդեպ գերագույն խաղացողը` Սերժ Սարգսյանը: Որովհետև խաղն այդ դեպքում փոխվում է…. առաջին հերթին հօգուտ նրա:
Նա է դառնում բոլորի արբիտրը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: