«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Նոյեմբերի 20-ին հերթական սպանությունն է տեղի ունեցել մայրաքաղաք Երևանում: Հրազենային վիրավորումից մահացել է 52-ամյա Սամվել Արշակյանը: «Ժողովուրդ»-ին կատարվածի մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել: ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ բուժօգնության է տեղափոխվել 52-ամյա մի տղամարդ՝ «հրազենային վնասվածք, կլինիկական մահ» ախտորոշմամբ, ով գիտակցության չգալով՝ մահացել է: Համաձայն բժշկական տեղեկանքի՝ հրազենային վնասվածքները տեղակայված են եղել կրծքավանդակի հետին անութային գծով ձախից, որովայնի ձախ կեսի փուշելունից 4 սմ վերև և ձախ ազդրի վերին երրորդի մակարդակով՝ միջանցիկ վիրավորում: Ս. Արշակյանը սպանվել է արտասահմանյան մակնիշի հրազենից: Հարուցվել է քրգործ՝ սպանության և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու հատկանիշներով: Պաշտոնապես չի հաղորդվում՝ կա՞ կասկածյալ կամ հետախուզվող անձ, նշվում է միայն, որ իրականցվում են անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

«Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ արդեն իսկ կա կասկածյալ: Թերթի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու մեջ կասկածվում է Լուկաշին փողոցի 24-ամյա բնակիչ Աշոտը: Սույն երիտասարդը բնակվել է սպանվածի հարևանությամբ: Ու պարզվում է, որ կատարվածը խոր արմատներ ունի: Լուկաշին փողոցի բնակիչները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեցին, որ կասկածյալի և սպանվածի միջև տարիներ առաջ տարաձայնություններ են եղել, որոնք կապված էին Ս. Արշակյանի որդիների հետ: Ասել է, թե տաքարյուն երիտասարդները տարիներ շարունակ չլուծված խնդիրներ են ունեցել, որը ողբերգությամբ է ավարտվել: Օդում կախված տեղեկությունների համաձայն՝ գնդակն իրականում «ուղղված է եղել» սպանված տղամարդու որդիներին, որոնք, ըստ շրջանառվող գնահատականների, հայտնի են իրենց կռվարար համբավով: Ըստ երևույթին, հայրը տուժել է որդիների պատճառով: Այս վարկածը դեռևս պաշտոնապես ճշտել չհաջողվեց, սակայն համառ լուրերն այն մասին, որ դժբախտության պատճառը եղել է չպարզված հին կռիվը, հիմնական վարկածներից մեկն է:

Ի դեպ, տեղեկություններ կան, որ կասկածյալը ապահովված ընտանիքի զավակ է: Շրջապատում հայտնի է իր հղփացած պահվածքով: Տեղեկություններ կան, որ երիտասարդը եղել է ոստիկանության ակադեմիայի սաներից»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: