Հայաստանի Հանրապետական կուսակցության օրակարգում Երևանի քաղաքապետի և ավագանու հարց այսօր  դրված չէ : Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Մեր օրակարգում այսօր Երևանի քաղաքապետի, ավագանու ընտրության խնդիր դրված չէ , մեր օրակարգում դրված է կոնկրետ նախագահական ընտրությունների ժողովրդավարական ընթացքի իրականացումն է,  որպեսզի մենք կարողանանք հասնել ժողովրդավարական ընտրությունների անցկացման և լավագույնը պետք է լինի ընտրությունները մեր պատմության  ընթացքում»,- հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահը  ու հավելեց, որ նա չի կիսում այն տեսակետը, որ Բարգավաճ  Հայաստան կուսակցությանը դուրը  չի գալիս գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեությունը.«Որևէ  քաղաքական ուժից բարձրաձայն չեմ լսել   քաղաքապետի  վերաբերյալ դժգոհություն :Ավելին,  կարող եմ որպես հասարակության  անդամ ասել, որպես քաղաքացի ասել, որ  մեզ հայտնի, նաև ձեզ հայտնի հրապարակված  բազմաթիվ սոցիոլոգիական  հարցումների  տվյալներով վերջին 20  տարվա Երևանի լավագույն քաղաքապետ երևանցիները ճանաչել են Տարոն Մարգարյանին»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակը:

 Վերջում Էդուարդ Շարմազանովը առանձնացրեց.«Երևանի Ավագանու հարցը կքննարկենք ճիշտ ժամանակին, այսինքն, նախագահական ընտրություններից հետո, երբ որ գա դրա ժամանակը»:

Հիշեցնենք, որ, ըստ  մամուլում վերջին օրերի շրջանառվող տեղեկությունների ԲՀԿ-ն  բավականին լուրջ պատրաստվում է Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրություններին: