Արցախի Հանրապետության բնակչությանն անհրաժեշտ են ռմբապաստարաններ` ռազմական գործողությունների ժամանակ մարդկային կորուստները նվազագույնի հասցնելու համար:
Այս մասին ԱՄՆ-ում անցկացված «Հեռուստամարաթոն-2016» -ի ընթացքում ասաց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Նրա խոսքով` հեռուստամարաթոնի արդյունքում հավաքված գումարի չափից է կախված, թե Արցախի կառավարությունը որքան ումար կհատկացնի առաջնագծին:
«Ամբողջ Արցախի բնակչությունը մենք պետք է ապահովենք ռմբապաստարաններով, որպեսզի մեր մարդիկ իրենց խաղաղ և անվտանգ զգան»,- հավելեց Պարգև սրբազանը:
Այն հարցին, թե որքանով է նա հնարավոր համարում ապրիլյան պատերազմի հետևանքով ավերված Թալիշի վերաբնակեցումը, Արցախի թեմի առաջնորդը պատասխանեց, որ այս աշխարհում անհավանական բան չկա:
«Անհրաժեշտ են ցանկություն, միջոցներ և լուծումներ»,-ասաց նա: «Հեռուստամարաթոն-2016» -ի արդյունքում, որը 19-րդն է, հանգանակվել է 15 միլիոն 428 հազար 777 դոլար գումար: