Այսօր հրավիրված ասուլիսին ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին՝ մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ, հանրապետության տարածքում ջերմային օդի փոփոխություն չի սպասվում, բացառությամբ Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի, որտեղ ջերմաստիճանը պայմանավորված Իրանի տարածքից ներթափանցող համեմատաբար տաք օդային հոսանքների՝ կբարձրանա 8-10 աստիճանով:
Ըստ նրա, Արարատյան դաշտում կլինի ցուրտ օդի լճացում, ցերեկային ժամերին Արարատյան դաշտում ջերմաստիճանը կհավասարվի լեռնային շրջանների ջերմաստիճանին:
Լճացումը, ըստ Սուրենյանի, կցրվի՝ փրկության հասած Կիպրոսյան ցիկլոնի շնորհիվ: «Արդեն 30-ին կնկատվի ամպամածություն և բավականին ինտենսիվ տաք օդի ներհոսք և 30-ից 1-ը ընկած ժամանակաշրջանում օդի ջերմաստճանը հանրապետության ամբողջ տարածքում 8-10 աստիճանով կբարձրանա: Այսինքն, եթե հիմա Երևանում -8,-10 աստիճան է, արդեն դեկտեմբերի 1-ին մենք կարող ենք մայրաքաղաքում և Արարատյան դաշտում գիշերային ժամերին ակնկալել 0-ից +2 աստիճան: Ցերեկային ժամերին առանձնապես ջերմաստիճանի փոփոխություն չի լինի, որովհետև դեկտեմբերի 1-ից տեղումներ են սկսվելու»,-ասաց նա և նշեց, որ մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի +3-ից +5 աստիճանի:
Գագիկ Սուրենյանը նշեց, որ դեկտեմբերի 1-ից հանրապետությունում սպասվում են տեղումներ: «Լեռնային մարզերում՝ Շիրակ, Կոտայք, Գեղարքունիք, Արագածոտնի լեռնային շրջաններ, Վայոց ձորի լեռնային բնակավայրերում սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, հորիզոնական ցածր տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։ Իսկ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում՝ Արագածոտնի նախալեռներ, Արարատյան դաշտում, Կոտայքի նախալեռնային հատվածներում, Վայոց ձորի նախալեռնային հատվածներում, քանի որ սպասվում է լուրջ ջերմաստիճանի բարձրացում , տեղումներն այդ օրերին կլինեն թաց ձյան, ձնախառն անձրևի և անձրևի տեսքով»,-ասաց նա: