«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի եթերում ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երեկ անդրադարձել «Հանրապետական» կուսակցությանն իր անդամակցությանը: «Ոչ կուսակցական նախարարը կարող է լինել շատ արդյունավետ, բայց միշտ չէ հստակ, թե որ քաղաքական ուժի գիծն է նա իրականացնում: Նշանակվելով այս պաշտոնին, որը քաղաքական պաշտոն է, ես, հաշվի առնելով նաև Սահմանադրական փոփոխությունները, նպատակահարմար գտա, որ պաշտպանության նախարարը լինի մի քաղաքական ուժի ներկայացուցիչ»,- ասաց նա:

Անդրադառնալով ազգ-բանակ գաղափարին, նախարարը նշեց, որ այն իր առաջարկած մոդելով թելադրված է այն փաստով, որ մեր բանակն անհամաչափ մեծ է մեր ազգաբնակչության համար: Նա նշեց, որ սխալ է փնտրել, թե ումից է ծնվել այդ գաղափարը: «Հաշվի առնելով առկա մարտահրավերները, մեր տարածաշրջանում մեր աշխարհագրական դիրքն ու առկա խնդիրները, մենք դեռ երկար ժամանակ ունենալու ենք այդպիսի զինված ուժեր: Դա նշանակում է, որ մենք պետք է սովորենք անել այնպես, որ զինված ուժերը լինեն շատ ավելի թափանցիկ, ընկալելի հասարակության համար` վայելելով հասարակության լայն սատարումը և հարգանքը»,- ասաց նախարարը:

Վիգեն Սարգսյանը նշեց, որ Զինված ուժերը, որպես երկրի խոշորագույն գործատու, գնում կատարող, սպառող, պետք է ունենա բոլոր հնարավորությունները, որպեսզի տնտեսության համար դառնա ոչ թե խնդիր, բեռ, այլ շարժիչ ուժերից մեկը: «Մենք պետք է այնպես անենք, որ սպայի մասնագիտությունը հասարակության մեջ լիարժեք գնահատված լինի, վերադառնա սպայական ծառայության երբեմնի համբավը և կարողանանք լավագույն կարող ուժերին ներգրավել սպայական ծառայության մեջ: Այսօր ծառայող գեներալների մեջ նույնիսկ կան մարդիկ, որոնց սոցիալական վիճակը շատ նման է մեր միջին սոցիալական վիճակին, հաճախ դրանից վատը կարող է լինել»,- նշեց նախարարը:

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ պետք է ամեն ինչ անել սննդի որակը լավացնելու համար։ Մատակարարումների հարցում պետք է լինեն շատ խիստ. նախարարը նշեց, որ այս հարցն իր համար առաջնահերթ է, և չի պատրաստվում արդարացնել թերմատակարարումների փաստը: «Այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացվում են և վստահ եմ, որ հաջորդ տարի ունենալու ենք լավ արդյունք: Չեմ կարծում, որ կարելի է ընդհանրացնելով ցեխ շպրտել առհասարակ սպայակազմի, գեներալիտետի վրա»,-հավելեց նա: