ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Տիգրան Մեծ պողոտայում գործող խանութ-սրահից 2 բջջային հեռախոս հափշտակելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2016թ. նոյեմբերի 13-ին ՝ ժամը 17:55-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Տիգրան Մեծ պողոտայում գործող ուլունքների խանութ-սրահի սեղանի բաց դարակից գաղտնի հափշտակել է քաղաքացու` նույն մոդելի 2 հատ բջջային հեռախոս՝ վերջինիս պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել են խանութ-սրահի տեսանկարահանող սարքերի՝տվյալ օրվա տեսագրությունները և ենթարկվել զննության։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է մի երիտասարդ վերցնում դարակում դրված բջջային հեռախոսները և հեռանում:
Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտելու ուղղությամբ, և միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու համար։
Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձին կամ որևէ տեղեություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: